ԹԹԵՆԻ ԵՎ ԹՈՒԹ
Գարնան վերջի և ամռան սկզբի ամենահաճելի պտուղներից է թութը։ Թթենին կամ շերամածառը (լատիներեն՝ Morus) շատ տարածված է։ Պատկանում է թթազգիների (Moraceae) ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղին։

Պտուղներն օգտագործում են որպես սնունդ, իսկ տերևներն էլ հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռեւս հնագույն ժամանակներից ծառն ու պտուղը օգտագործել են բուժական նպատակներով։ Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերեւները, արմատները, կեղևն ու պտուղները շաքարային դիաբետը, սրտանոթային համակարգի հիվանդությունները բուժելու նպատակով։

Թթենու պտուղները պարունակում են 11% շաքարներ, մոտ 1,5% ազոտանյութեր, 0,1% ֆոսֆորաթթուներ, կիտրոնաթթու և խնձորաթթու, պեկտին, սպիտակուցներ, ճարպեր, երկաթ, վիտամինների զգալի քանակություն (A, B1, B2, C), միկրոտարրեր (մանգան, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, կալցիում, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր):

Ընդ որում, սեւ թութը շուրջ 2 անգամ ավելի շատ երկաթ է պարունակում (6,3%), քան սպիտակը:

Թութը օգտագործվում է թարմ եւ վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր) վիճակում, դրանից ստանում են նաև օղի, սպիրտ։ Մեղրատու է։ Հայաստանում մշակվում է Արարատյան դաշտում, հարավային, հյուսիսարևելյան գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի մարզերում։

Հայերի համար թթենին ավանդական և շատ սիրելի ծառերից է, այն կարելի է հանդիպել սեփական տների բակերում։ Մարդիկ սիրում են վայելել թե՛ իրենց ձեռքով քաղել-ուտելու հաճույքը, թե՛ հարևանների, բարեկամների հետ հավաքվելու, ծառը թափ տալու և խմբովի ուտելու հաճույքը։

Ժողովրդական բժշկության մեջ թարմ, կիսահաս թութը, թթի օշարակը կամ թուրմը օգտագործում են փորլուծության դեմ, հասած պտուղները, ընդհակառակը, ունեն թեթև թուլացնող ազդեցություն: Ստամոքսի, լյարդի կանոնավոր աշխատանքի համար օգտակար է հատկապես սև թութը, որը նաև նպաստում է արյան բաղադրության մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, նաև վերքերի սպիացմանը: Սպիտակ ու սև թթերի թուրմը կամ հյութը համարվում է միզամուղ և քրտնաբեր միջոց: Գիտականորեն ապացուցված է, որ սպիտակ և սև թութը, դրանցից եփված օշարակը կամ թուրմը ունեն հակասեպտիկ հատկություն: Ժողովրդական բժշկության մեջ որպես վերքերի ապաքինման միջոց գործածվում է նաև թթենու կեղևը. կեղևի փոշին խառնել բուսական յուղի հետ (1:30) և ստացված հեղուկը քսել քերծվածքների, կտրված վերքերի, խոցերի վրա: Շատ դեպքերում թթենու կեղևից եփված թուրմը խորհուրդ է տրվում հիպերտոնիայի բուժման համար: Այն օգտակար է նաև բկաբորբի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի և այլ դեպքերում: Ե՛վ ավանդական, և՛ ժամանակակից բժշկությունը շաքարախտի և ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել: Թթի չրի եփուկը  օգտակար է անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում որպես ողողման միջոց. 2 ճաշի գդալ չրին ավելացնել 200 գրամ եռման ջուր, թրմել 4 ժամ և ստացված թուրմով օրական 4 անգամ ողողումներ կատարել: Ամիրդովլաթ Ամասիացին նշում է, որ թթենու տերևների եփուկը բուժում է բկաբորբը։ Թթի եփուկը՝ դոշաբը, մեր ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ:

Հատկապես բուժիչ է սև թութը: Թթի չիրը ձմռանն անփոխարինելի սնունդ է երեխաների ու մեծահասակների համար:

Թութը հարուստ է կալիումով, որի պակասի դեպքում կարող է առաջանալ հիպոկալիեմիա: Սա է պատճառը, որ օրգանիզմում կալիումի պակասի դեպքում բժիշկները նշանակում են թթի հյութահանուկ:

Թութը շատ օգտակար է սրտի և երիկամների աշխատանքի խանգարումների հետևանքով առաջացած քրոնիկ այտուցների դեպքում: Այն օժտված է լեղամուղ, քրտնամուղ, միզամուղ ու հակաբորբոքային հատկություններով: Պարբերաբար թութ ուտելն օգնում է ազատվել հևոցից ու սրտի ցավերից, ինչպես նաև կարգավորում է սրտի զարկերի ռիթմը: Սակավարյունության ու նյութափոխանակության խանգարման դեպքում խորհուրդ է տրվում երկու շաբաթ հնարավորինս շատ թութ ուտել:

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ համացանցից