ՇԱԳԱՆԱԿԵՆԻ
Շագանակենին (Castanea) պատկանում է հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղին։

Շատ գեղեցիկ ծառ է, հատկապես ծաղկման շրջանում, երբ խոշոր կատվիկ ծաղկաբույլով ծաղիկները ծառին հաղորդում են շքեղ, տոնական տեսք։ Հայտնի է շագանակենու ծառերի կամ թփերի ավելի քան 30 տեսակ։ Դրանք աճում են արևադարձային և ծովափնյա շրջաններում։ Ամենակարևոր տեսակը սովորական շագանակենին է (C.vulgaris), որ աճում է Հարավային Եվրոպայում, Ղրիմում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Ամերիկայում։ Հնուց ի վեր այդ ծառատեսակը մշակել են պտուղների համար։ Շագանակենին կարող է ապրել մինչև 1000 տարի։ Փայտանյութն ամուր է, որն օգտագործում են տակառաշինության և հյուսնական աշխատանքներում։ Շագանակենու պտուղն ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գորշավուն պտղապատյանով, պտղամաշկը հաստ է՝ շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը սպիտակ է, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։ Հարավային երկրներում այդ համեղ պտուղները ժամանակին եղել են փոխանակման առարկա։

Այսօր կան շագանակենու ամենատարբեր տեսակներ, բայց ամենատարածվածն ու սիրելին մնում են քաղցր շագանակները։ Դրանք աճում են աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Բնական պայմաններում շագանակենին աճում է Բալկանյան թերակղզու հարավային մասում (Հունաստան, Բուլղարիա) ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա։ Մշակում են այն ոչ միայն ծովափնյա տեղանքում, այլև խոնավ և տաք կլիմա ունեցող գոտիներում։

Շագանակները առանձնանում են ածխաջրերի բարձր պարունակությամբ։ 100գ թարմ մթերքն ունի 166կկալ, իսկ 100գ եփած կամ շոգեխաշած շագանակը՝ 131կկալ։ Բոված շագանակի կալորիականությունը 182կկալ է։ Ամենացածր կալորիականություն ունի գոլորշու վրա պատրաստված շագանակը՝ 56կկալ, բայց պահպանում է իր բոլոր օգտակար հատկությունները։

Շագանակը կազմված է 2-3% բջջանյութից, 3% հանքային նյութերից,  պարունակում է նաև A, B, C խմբի վիտամիններ։

Սերմերը, որոնք մտնում են պտուղների բաղադրության մեջ, պարունակում են գլիկոզիդներ, ճարպայուղեր (5-7%), սպիտակուցային միացություններ, օսլա, դաբաղող նյութեր, շաքար, ասկորբինաթթու և այլ միացություններ։ Տերևները պարունակում են գլիկոզիդներ, պեկտինային նյութեր և կարոտիններ։ Ծաղիկները հարուստ են դաբաղանյութերով, պեկտինային միացություններով։

Շագանակը ավելի քիչ ճարպեր է պարունակում, քան մնացած ընկուզեղենը։ Շագանակները շատ սննդարար են և հագեցնող, նաև այդքան ճարպոտ չեն, ուստի շատ օգտակար են։ 100գ շագանակը պարունակում է 210կկալ, ածխաջրեր՝ 42, սպիտակուց՝ 3,6, ճարպ՝ 2,2կկալ։ Շագանակը համարվում է բանջարեղենային դիետայի հրաշալի բաղադրիչ։

Փորձերով ապացուցված է, որ շագանակի պտուղների սպիրտային թուրմն օժտված է հակաբորբոքային, հակաայտուցային հատկություններով, նվազեցնում է արյան թանձրությունը, ամրացնում մազանոթների պատերը, նվազեցնում է արյան ճնշումը, կարգավորում է խոլեստերինի և լեցիտինի քանակությունը արյան մեջ, նվազեցնում է աորտայում ճարպային հանգույցների առաջացման հավանականությունը։ Սովորաբար օգտագործում են դեղատներում պատրաստվող ՙԷսկուզան՚ և ՙԷսֆլազիդ՚ միջոցները։

Չպետք է մոռանալ, որ շագանակն ալերգեն է, ուստի հակացուցված է  ալերգիա ունեցող մարդկանց։ Շաքարային դիաբետով հիվանդներին արգելվում է օգտագործել շագանակի ծաղիկներից ստացվող մեղրը։

Փորկապություն, գաստրիտ, արյան վատ մակարդելիություն ունեցող անձանց ևս հակացուցված է շագանակը, քանի որ դրա չարաշահումը կարող է սրել եղած հիվանդությունները։

Սուրբ Ծննդյան տոների նախօրեին եվրոպական մի շարք երկրների փողոցներում կարելի է տեսնել, թե ինչպես են շագանակ բովում։ Այդ հնագույն ավանդույթը տասնյակ տարիների պատմություն ունի։ Շագանակ բովելու համար հատուկ թավաներ կան։ Շագանակները տանը բովելու համար անհրաժեշտ էր հեռացնել արտաքին կեղևը և դառնահամ կոշտ թաղանթը, որից հետո դրանք շարում էին շամփուրների վրա։ Մյուս տարբերակն այն էր, որ կեղևի վրա մի փոքր կտրվածք էին անում և դնում բաց կրակի վրա (եթե կտրվածք չի լինում, ապա շագանակը պարզապես պայթում է)։

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարներ՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ