ՆՇԵՆԻ
Նշենին պատկանում է վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղին։
Ոչ մեծ ծառերի կամ թփերի վրա նշտարաձև տերևները հերթադիր դասավորություն ունեն, ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն։ Կիսաչոր պատյանով կորիզապտուղը հասունանալիս ճաքճքում է։ Կեղևի ամրությունը տարբեր է՝ «թղթայինից» մինչև կարծր։
Այս ծառատեսակի հայրենիքն են համարվում Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան այն երկրները, որտեղ մինչ օրս կարելի է գտնել վայրի նշենի։  Հայտնի է նշենու 40 տեսակ։ Վայրի ձևերն աճում են նաև Միջին Ասիայի, Անդրկովկասի չոր լեռնային և հարավային տափաստանային շրջաններում։ Հայաստանում նշենին տարածված է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։
Այս բույսի հնագույն ծագման մասին են վկայում Աստվածաշնչում եղած հիշատակությունները։ Նշենու լատինական անվանումը՝ Amygdalus, կապվում է փյունիկյան սքանչելի Ամիգդալինա աստվածուհու հետ։ Նշենին պաշտամունքային ծառ է. հնում կրոնական տոնակատարությունների ժամանակ այս ծառի ճյուղերով էին զարդարում տները, մարդիկ սրբավայրեր գնալիս իրենց հետ տանում էին նշենու ճյուղեր։ Նշենու ճյուղերը թափահարում էին հիվանդ երեխայի կողքին, քշում-հեռացնում չար ոգիներին։
Մարդկությունը շատ արագ սովորեց մշակել և բազմացնել այս ծառատեսակը։ Սկզբում այն տարածվել է Հունաստանում։ Այստեղ նշենին համարվում էր պտղաբերության խորհրդանիշը, որի հրաշագործ ազդեցության մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։
Քաղցր նշենու ծագումը հին հույները կապում էին գեղեցկուհի Ֆելիդայի և Դեմոֆոնտի սիրո պատմության հետ։ Հայրենիք վերադառնալով՝ Դեմոֆոնտը տեսնում է, որ կարոտին չդիմանալով՝ սիրած էակը՝ Ֆելիդան, դարձել է չորացած նշենի։ Աղիողորմ լաց է լինում Դեմոֆոնտը, սգում սիրած էակի կորուստը։ Աստվածները խղճում են նրանց, և երբ երիտասարդը գրկում է չորացած ծառը, այն անմիջապես տերևակալում է, նրա ճյուղերին բացվում են հրաշագեղ ծաղիկներ։ Դառը նշի ծագումը կապվում է Միդասի դստեր ողբերգական մահվան հետ։ Ըստ ավանդության՝ դառը նուշն աճել է այն տեղում, որտեղ Միդասի աղջիկը, ամուսնու մահվան լուրը լսելով, դաշույնը խրում է իր սիրտը։
Ք.ծ.ա. 2-րդ դարում նուշը հայտնի էր նաև հին հռոմեացիներին։ Այնուհետև այս բույսը տարածվեց Ֆրանսիայում, Գերմանիայում՝ բավական լավ հարմարվելով կլիմայական պայմաններին։ Նշենու պտուղը՝ նուռը, շատ արագ տարածվեց նաև Հյուսիսային Եվրոպայում։ Ավելի ուշ՝ 6-րդ դարում, այն սկսեցին մշակել նաև Ղրիմում։ Ռուսաստանի մյուս տարածքներ նուշը որպես անդրծովյան աղանդեր մուտք է գործել թզի, չամիչի, ընկույզի հետ և զարդարում էր ունևորների սեղանները։
Նուշն ունի երեք տարատեսակ՝ դառը, քաղցր և փխրուն։ Փխրուն նուշն իր անվանումը ստացել է պտղի փխրուն կեղևի պատճառով, որը շատ հեշտությամբ է կոտրվում։ Կորիզապտուղը քաղցր է։ Նուշի կորիզապտուղը հարուստ է ճարպանյութերով (40-60%), սպիտակուցներով (20-30%)։ Դրանք պարունակում են ամիգդալին գլիկոզիդի տարբեր քանակություններ, որոնցից ամենաշատ քանակը՝ 3%, պարունակում է դառը նուշը։  Քաղցր նուշը ամիգդալին համարյա չի պարունակում, որով և պայմանավորված է համը։ Դառը նուշը կարելի է օգտագործել ջերմային մշակումից հետո, որի արդ-յունքում ամիգդալինը հեշտությամբ տրոհվում է բաղադրիչների՝ շաքար բենզալդեհիդի և շատ թունավոր կապտաթթվի։ Ջերմամշակումից հետո այն դառնում է լրիվ անվնաս։ Քաղցր և փխրուն նուշը չի ենթարկվում ջերմամշակման։ Երեխաներին հում նուշ ուտելը արգելվում է։ Ըստ որոշ հետազոտողների՝ նշի մահացու չափաբաժինը կազմում է երեխաների համար 10 հատ, իսկ մեծահասակների համար՝ 50։ Բովումը, եփելը և ջերմամշակման այլ ձևերը նպաստում են ցիանային ջրածնի գոլորշացմանը, վնասազերծվում է կապտաթթուն։ Դեղագործության մեջ կիրառվում է նշի յուղ, որը ներարկումների ժամանակ օգտագործվում է որպես լուծիչ։ Այն օգտագործում են նաև քսուքների արտադրության մեջ։ Նշի յուղն ունի լուծողական հատկություն։ Նուշն օգտագործում են ցավազրկող և հանգստացնող միջոցների արտադրության մեջ։ Դառը նուշը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական վերին ուղիների հիվանդությունների, երիկամների, ստամոքսի և գինեկոլոգիական որոշ հիվանդությունների բուժման ժամանակ։ Նուշը մաքրում է ներքին օրգան-ները, սնում գլխուղեղի բջիջները, լավացնում է տեսողությունը, քաղցրի հետ շատ օգտակար է ասթմայի, ուժեղ հազի ժամանակ։ Բայց այն մարդիկ, որոնք ստամոքսի և մարսողության խնդիրներ ունեն, չպետք է չարաշահեն նշի օգտագործումը, քանի որ այն դժվարամարս է։
Նշենու պտուղներն ունեն խոհարարական մեծ կիրառություն։ Դառը նուշը ջերմամշակումից հետո ուտեստներին հաղորդում է անգերազանցելի բույր, լավացնում է համային փունջը։ Քաղցր նուշը և փխրուն նուշը իրենց համային հատկանիշներով զիջում են նախորդին, բայց դրանք հանդիսանում են ձկնային ուտեստների՝ մասնավորապես իշխանի պատրաստման բաղադրատոմսի անբաժանելի մասը։ Փխրուն նուշը նման է քաղցրին, բայց զիջում է իր բույրով։ Նուշն օգտագործում են լիկյորների արտադրության մեջ։ Այստեղ օգտագործում են նաև կեղևը, որը ոչ միայն իր բույրն է հաղորդում խմիչքին, այլև լավացնում է համային հատկանիշները։
Շատ երկներում նուշն օգտագործում են ամենատարբեր ճաշատեսակների մեջ։ Օրինակ՝ Իսպանիայում նշով պատրաստում են սպիտակ գասպաչչո (սա սառը, ջրի մեջ փափկացնելով տրորած սպիտակ չոր հացով ուտեստ է, որին ավելացնում են մանրացրած նուշ, սխտոր, քացախ, աղ, մի քիչ բուսա-կան յուղ, կանաչ խաղողի հատիկներ)։ Հնդկացիները նուշը բովում են հա-տուկ համեմունքների հետ, այնուհետև խառնում են յոգուրտին։ Նուշն օգ-տագործում են խմորեղեններ զարդարելիս։
Նուշն առանձնապես խորհուրդ է տրվում իրենց սննդակարգում ներառել հղի կանանց, ինչը պայմանավորված է հարուստ վիտամինային և հանքա-յին աղերի առկայությամբ։
Նշից ստացված յուղն օգտագործում են սննդի, օծանագործության և բժշկության մեջ։ Այս յուղը կամֆորայի հիանալի լուծիչ է, որն օգտագործում են ներարկման համար։ Այն օգտագործում են նաև բուժական և կոսմետիկ նշանակության քսուքների մեջ։ Դրանք հակաբորբոքային հատկություններ ունեն և փափկացնում են մաշկը։ Խմելու դեպքում յուղը որպես լուծողական է ծառայում։
Նշից յուղ ստանալու հետևանքով առաջացած զանգվածից կարելի է ալյուր ստանալ կամ թխվածքաբլիթ պատրաստել։ Երբեմն այդ ալյուրով կերակրում են կենդանիներին, ինչպես նաև թորում են եթերային յուղ (ելքը՝ 0, 5-0, 8%), որն օգտագործվում է օծանագործության մեջ։
 
Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ
Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ