ԽԱՂՈՂ (VITIS)
Այս տարի օգոստոսի 18-ին նշվեց Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այդ օրը՝ Ս.Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեք։ Եվ միայն դրանից հետո կարելի է խաղող ուտել։

Հայկական բարձրավանդակում խաղող աճել է հնագույն ժամանակներից։ Ենթադրվում է, որ խաղողի հայկական հինավուրց տեսակների գերակշռող մասը ծագել է տեղական վայրի խաղողից։ Սուրբ գրքում ասվում է, թե կանգ առավ տապանը տարվա 7-րդ ամսվա 17-րդ օրը Արարատ լեռան վրա։ Եվ Նոյը սկսեց մշակել հողն ու տնկեց խաղողի այգի։ Աստվածաշնչյան այս վկայությունից բացի Արենիի քարայրի հնագիտական պեղումները ապացուցում են, որ Հայաստանում խաղողագործությամբ ու գինեգործությամբ զբաղվել են ավելի քան 6000 տարի առաջ. Արենիում առկա է գինու արտադրության ամբողջական ցիկլը։ Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի արձանագրություններում հիշատակվում են Վանի խաղողի այգիները։ «Խաղողը թափվում էր անձրևի նման, գինին հոսում էր քանց գետի ջուր»,- ասում է Սարգոն Բ-ն։ Հույն պատմիչներ Հերոդոտոսը, Քսենոփոնը և Ստրաբոնը ևս վկայում են, որ 2, 5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ արտահանում էին բարձրորակ գինիներ։

Հնուց ի վեր այստեղ մշակել են խաղողի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Ոսկեհատը, Գառան դմակը, Սև Արենին, Մսխալին, Մեղրաբույրը և այլն։

Այսօր էլ Հայաստանում զարգացած են խաղողագործությունն ու գինեգործությունը։

Երկրագնդի ամենահին բուսատեսակներից մեկի՝ խաղողի արմատային համակարգը հզոր է, բունը մագլցող, փաթաթվող է։ Բազմամյա մատերը հաստ են, միամյաները՝ երկար՝ 2-5 մետր, բարակ, հոդավոր կառուցվածքով։ Մատի յուրաքանչյուր հանգույցում զարգանում են տերևները, իսկ նրանց ծոցում՝ աչքերը։ Տերևներն ամբողջական են կամ 3-5 բլթականի, ծաղկաբույլը՝ հուրան, ծաղիկները՝ մանր։ Պտուղը հյութալի հատապտուղ է, տարբեր գույնի՝ սև, սպիտակ, վարդագույն։

Մերձավոր Արևելքում, Հին Հունաստանում խաղողի որթը պաշտամունքի առարկա էր։ Բազմաթիվ անտիկ լեգենդներ ու առասպելներ են հյուսված Դիոնիսոսի մասին, որը բնության բուսական ուժի, խաղողագործության և գինեգործության աստվածն էր։ Հին հույն ծովագնացները խաղողի որթը հասցրին Ղրիմ, Մոլդովա։

Խաղողն օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (գինի, կոնյակ, խաղողահյութ, չամիչ, դոշաբ, կոմպոտ, մուրաբա), խաղողի տերևներով հնուց ի վեր մեր նախնիները տոլմա են եփել։ (Ուտեստի «տոլմա» անունը հենց «տոլի»՝ «խաղողի որթ» բառից է)։ Խաղողի հյութի քիմիական բաղադրությունը տոկոսային հարաբերությամբ կազմում է՝ ջուր (65-85), շաքարներ (10-33), օրգանական թթուներ՝ գինեթթու, խնձորաթթու և այլն (0,5-1,4), սպիտակուցներ (0,15-0,9), պեկտիններ (0, 3-1, 0), հանքային նյութեր (0,3-0,5), վիտամիններ (B1, B2, PP, C), պրովիտամին

A (կարոտին), կատեխիններ։

Խաղողն օժտված է բարձր սննդային և համային հատկանիշներով, այն պարունակում է հեշտ տրոհվող շաքար (17, 5%), նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ինչպես նաև ներկող և արոմատիկ նյութեր։ 100գ խաղողի էներգետիկ արժեքը հավասար է 69 կկալ-ի։

Խաղողի յուրաքանչյուր բաղադրիչ յուրովի է ներգործում օրգանիզմի վրա։ Հեշտ տրոհվող շաքարը հրաշալի սնուցող միջոց է մասնավորապես մկանային համակարգի և սրտամկանի համար։ Բացի դրանից գլյուկոզան նպաստում է մկանների կողմից թթվածնի հեշտ յուրացմանը։ Կալցիումը և ֆոսֆորը նպաստում են աճին, որ մարդը բարձրահասակ լինի։ Երկաթը ազդում է օրգանիզմի կողմից արյունաստեղծման և օքսիդացման պրոցեսների վրա։ Օրգանական թթուները նպաստում են թթվահիմնային հավասարակշռության կարգավորմանը։ Գինեթթվի կալիումական աղերը ունեն միզամուղ և փորկապությունը բացող հատկություն։ Հիմնային միացությունները նվազեցնում են մեզի թթվայնությունը։ Խաղողի բաղադրության մեջ առկա ջուրը նպաստում է օրգանիզմից խարամի հեռացմանը, հանքանյութերը լավացնում են նյութափոխանակությունը, բարձրացնում դիմադրողականությունը։ Օգտակար նյութերը բուժում են ստամոքսի, լյարդի, աղիների, թոքերի մի շարք հիվանդություններ, միզաթթվային դիաթեզ, նևրոզներ, երիկամների որոշ հիվանդություններ (սկզբնական փուլում)։

Խաղողաբուժությունը կամ ամպելոթերապիան (հունարեն «ամպելոս»՝ «խաղող» բառից) գիտական հիմնավորում ստացավ միայն 19-րդ դարում, երբ ի հայտ եկան խաղողի քիմիական բաղադրության մասին առաջին տվյալները։ Սակայն խաղողի ողկույզների և տերևների բուժական հատկությունների կիրառումը, ըստ պահպանված հիշատակությունների, սկիզբ է առել Դիոսկորիդի և Պլինիոս Ավագի (մ.թ.1-ին դար) ժամանակներից։

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ