ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹ
Ասում են, որ նարինջը արևի նվերն է մարդկությանը. այն ասես փոքրիկ արև լինի՝ հզոր հրե գնդի փոքրիկ մոդելը, որն իր մեջ ամբարել է արևի ջերմությունը։

Համոզված ենք՝ մեծ թիվ չեն կազմի այն մարդիկ, որոնք չեն սիրում նարինջ, առավել ևս՝ նարնջի հյութ։ Անգամ խանութներում ստվարաթղթե տուփերով հյութն է մեծ պահանջարկ վայելում։ Էլ չենք խոսում նարնջի թարմ հյութի մասին։

Նարնջի հյութն աշխարհում ամենատարածված հյութն է։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ մարդկանց մեծ մասը «մեկ բաժակ թարմ հյութ» բառակապակցությունը լսելիս պատկերացնում է նարնջի հյութը։ Հյութերի գովազդով զբաղվող գործակալությունների մեծ մասը նույնպես այս կամ այն ընկերության արտադրանքը գովազդելիս նախապատվությունը տալիս է նարնջի հյութին։

Նարնջի թարմ հյութը պարունակում է մեծ քանակով A և C վիտամիններ, ավելի պակաս քանակով՝ B խմբի վիտամիններ (B6, B2, B1), նաև K և E վիտամիններ, բիոտին, ֆոլեաթթու, մի շարք միացություններ, 11 անփոխարինելի ամինաթթուներ։ Բացի այդ, նարնջի հյութը պարունակում է մի շարք միկրոտարրեր՝ կալիում, կալցիում, ֆոսֆոր, պղինձ, երկաթ, մագնեզիում և ցինկ։ Նարնջի մեջ C վիտամինի մեծ քանակը նպաստում է իմունային համակարգի բարձրացմանը, պայքարում է հոգնածության դեմ, ամրացնում է արյունատար անոթները։ Այն շատ օգտակար է արյան բարձր ճնշման և աթերոսկլերոզի դեպքում։ Նարնջի հյութ խորհուրդ է տրվում լյարդի, թոքերի և մաշկային հիվանդությունների ժամանակ։ Վերջերս հետաքրքիր արդյունքներ են ստացել ամերիկացի գիտնականները, որոնք պարզել են նարնջի հյութի բարերար ներգործությունը օստեոպորոզի առկայության ժամանակ։ Առայժմ միանշանակ չի կարելի ասել, թե կենսաբանական ակտիվ բազմաթիվ բաղադրիչներից հատկապես որն է կանխարգելում օստեոպորոզի զարգացումը, բայց, ամենայն հավանականությամբ, դա լիմոնոիդն է։ Նարնջի հյութից բացի, այդպիսի ներգործություն ունեն նաև թուրինջի և կարմիր նարինջի հյութերը։

Իսկ արդյոք նարնջի հյութը չունի՞ որևէ հակացուցում։ Բնականաբար,

կենսաբանորեն ակտիվ միացություններով հարուստ ցանկացած այլ սննդամթերքի նման, նարնջի հյութը ևս ունի հակացուցում, ուստի այն պետք է խմել սահմանափակ քանակությամբ։

Նարնջի հյութ խորհուրդ չի տրվում խմել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց։ Ստամոքսի բարձր թթվայնություն, գաստրիտ, ստամոքսի կամ 12-մատնյա աղիի խոց ունեցող մարդիկ պետք է լիովին բացառեն նարնջի հյութի գործածությունը։ Գաստրոէնտերոլոգներն աղիքային որևէ հիվանդություն ունեցողներին ընդհանրապես խորհուրդ չեն տալիս նարնջի հյութ

խմել։

Մյուս հյութերի համեմատությամբ նարնջի հյութը իր բարձր թթվայնությունից բացի ունի ևս մեկ թերություն՝ պարունակում է շատ շաքար և քիչ թաղանթանյութ։ Այդ իսկ պատճառով նարնջի հյութի չարաշահումը կարող է առաջ բերել 2-րդ տիպի շաքարային

դիաբետ և ճարպակալում։ Այդ հիվանդությունները կանխարգելելու համար

պետք է այդ հյութն օգտագործել չափավոր։ Սննդաբանները որպես լավագույն չափաքանակ խորհուրդ են տալիս շաբաթական խմել 3-6 բաժակ (150-200մլ) նարնջի հյութ։

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսանկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ