Նյութը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Տեղադրվել է 22-10-2019
Միջազգային ծրագրի օրակարգում ԵԽ-ի Երիտասարդական աշխատանքի հանձնարարականն էր
Երիտասարդական ակումբների դաշնության անդամները մասնակցել են միջազգային կրթական ծրագրի, որի առաջնային նպատակներից էր Եվրոպայի խորհրդի երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի հանրայնացումը եւ հանրային իրազեկումը։

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում hոկտեմբերի 7-ից 12-ը Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնությունը (ECYC) նախաձեռնել էր ուսուցողական դասընթաց «Ինչպես արդյունավետ ջատագովել երիտասարդական աշխատանքի համար՝ օգտագործելով Եվրոպայի խորհրդի երիտասարդական աշխատանքի Հանձնարարականը» խորագրով։ Կրթական ծրագրի նպատակը երիտասարդական աշխատանքի քաղաքականության եւ ԵԽ-ի Հանձնարարականի (CM/Rec(2017)/4) մասին հանրային իրազեկության բարձրացումն էր եւ օգտագործման խթանումը երիտասարդական քաղաքականության մշակման ու առաջխաղացման գործում։

Ավելի քան երկու տասնյակ երիտասարդական աշխատողներ եւ առաջնորդներ, որ եկել էին Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր երկրներից, ծանոթացան ԵԽ-ի Երիտասարդական բաժնի աշխատանքներին, առաջնահերթություններին եւ քայլ առ քայլ ուսումնասիրեցին ջատագովության իրականացման շրջանը: Միջազգային ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք բերեցին ոչ միայն երիտասարդական աշխատանքի կարեւորության վերաբերյալ, այլեւ տեղեկացան երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի պատմությանը, կառուցվածքին, բովանդակությանը եւ նպատակներին, ուսումնասիրեցին, թե ինչպես է երիտասարդական աշխատանքի համար ջատագովությունն իրականացվում եվրոպական, ազգային եւ տեղական մակարդակով։ Կրթական ծրագրի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին նաեւ օգտագործելու ստացած տեղեկատվությունն իրենց հետագա աշխատանքի ընթացքում` ազգային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակում: 

Ուսումնական ծրագրի մասնակիցները թիմային աշխատանքի արդյունքում մշակեցին ջատագովության (advocacy) գործողությունների պլան՝ հիմնված Եվրոպայի խորհրդի երիտասարդական աշխատանքի Հանձնարարականի վրա: Հատկանշական է, որ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը դեռեւս ամիսներ առաջ կատարել է Հանձնարարականի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը, որին կարող եք ծանոթանալ «Երիտասարդ» առցանց պորտալում։

Կրթական ծրագրի երրորդ օրը մասնակիցները երիտասարդական աշխատանքի համար ջատագովության վերաբերյալ օգտակար եւ հետաքրքիր պատկերացում ստացան Տանյա Բասարաբից (ներկայացնում է «ԵՄ-ԵԽ երիտասարդական գործընկերություն» միջգերատեսչական մարմինը) եւ Լիվա Վիկմանեից (ներկայացնում է «Եվրոպական երիտասարդական ֆորում» խոշորագույն երիտասարդական կառույցը):

Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության անդամներ Սոխակ Մելքոնյանը եւ Ալլա Խաչատրյանը նույնպես Բրյուսելում էին՝ մասնակցելու միջազգային ուսումնական ծրագրին եւ իրենց գիտելիքներն ու փորձը հետագայում օգտագործելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության զարգացման գործում։ Ծրագրի կազմակերպչական եւ դասընթացավարների թիմում էր ԵԱԴ-ի միջազգային քարտուղար, ECYC-ի փոխնախագահ Դիանա Եղիազարյանը: 

Մասնակիցներից Ալլա Խաչատրյանի խոսքով՝ միջազգային ծրագիրը մեծ կարեւորություն ուներ, քանի որ կօգնի ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության եւ ռազմավարության մշակումն ու դրա արդյունավետ իրագործումը խթանելու գործում․ «Առավել օգտակար էր բացահայտել եւ պատկերացում կազմել այլ երկրների երիտասարդական քաղաքականության իրավիճակի, ծրագրերի ու երիտասարդության կարիքների մասին, համեմատելու ամենը եւ լավագույն փորձը կիրառելու հայրենիքում։ Ծրագրից ստացած գիտելիքներն ու փորձը մեծապես կնսպաստեն նպատակային աշխատանքներ տանելուն երիտասարդության ազգային պետական ռազմավարության, ներառյալ երիտասարդական աշխատանքի ինստիտուտի զարգացման ուղղությամբ` բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով ոլորտի իրավական խնդիրները լուծելու համար»: 

«Կարեւորելով երիտասարդական աշխատանքը՝ պետք է յուրաքանչյուր քաղաքացի իր տեղում լինի ու քայլեր ձեռնարկի երիտասարդների անձնական, մասնագիտական աճի ուղղությամբ։ Նմանատիպ կրթական ծրագրերը նպաստում են դրան եւ դառնում հարթակ տարբեր երկրների երիտասարդական ոլորտի աշխատողների փորձի փոխանակման համար»,- կարծում է ծրագրի մյուս մասնակից, Լոռիում ԵԱԴ-ի մարզային համակարգող Սոխակ Մելքոնյանը։

Երիտասարդական ակումբների դաշնությունն իր կողմից պատրաստակամություն է հայտնել մասնակցելու երիտասարդական քաղաքականության հրապարակային քննարկումներին եւ ջատագովելու երիտասարդական աշխատանքի ճանաչման ու դրա առավել արհեստավարժ դառնալու համար։

Հ.Գ.։ 2017 թ.-ին ԵԽ նախարարների խորհրդի 1287-րդ ժողովի ժամանակ երիտասարդական աշխատանքի վերաբերյալ հանձնարարական /CM/Rec(2017)4/ է ընդունվել, որով խրախուսվում է ԵԽ անդամ պետություններին զարգացնել եւ ուժեղացնել երիտասարդական աշխատանքի քաղաքականությունն ու փորձը։