Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-11-2019
Հայ ֆուտբոլիստները լեգիոներ չեն լինի Ռուսաստանում
Ռուսաստանի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ՀԱՊԿ անդամ երկրների մարզիկներին լեգիոներ չհամարվել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների մարզիկները հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ եւ ջրագնդակ մարզաձեւերում այլեւս լեգիոներ չեն համարվելու Ռուսաստանում։ Այս մասին ամբողջական նոր օրինագիծ է մշակել ՌԴ սպորտի նախարարությունը։

Հատկանշական է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ցուցակում բացի Հայաստանից ընդգրկված են նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը։ Այս տարվանից Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում նորարարությունը կիրառվում է մասնակի. այն ֆուտբոլիստները, որոնք ունեն Բելառուսի քաղաքացիություն չեն համարվում լեգիոներ։

Ավելի վաղ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը լեգիոներների նոր սահմանափակում էր մտցրել, ըստ որի՝ 2020/21 մրցաշրջանից սկսած ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների համար կգործի «8 արտասահմանցի + 17 ռուսաստանցի» համակարգը, երբ թիմերին հնարավորություն ընձեռվի ֆուտբոլիստներ հայտագրել մրցաշրջանի մեկնարկին։ Ի դեպ, այս նոր կարգը չի սահմանափակում բոլոր արտասահմանցիների միաժամանակյա խաղադաշտ դուրս գալը։

Հիշեցնենք, որ 2014/15 մրցաշրջանից գործվել էր «7 արտասահմանցի + 4 ռուսաստանցի» խիստ քննադատության ենթարկված համակարգը, որը թույլ էր տալիս հանդիպման ժամանակ նույն պահին խաղադաշտում գտնվել առավելագույնը 7 արտասահմանցի ֆուտբոլիստի։ Մեկ տարի անց այդ համակարգը, չնայած առկա դժգոհություններին, ավելի խստացվեց՝ դառնալով «6 արտասահմանցի + 5 ռուսաստանցի»։ Վերջին համակարգով էլ թիմերը խաղում եմ մինչեւ այժմ։

Հավելենք, որ օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկումներ են սպասվում։ Գործընթացը պետք է ավարտվի այս տարի նոյեմբերի 14-ին, որից հետո օրենսդիր մարմնում կկայանան մասնագիտական քննարկումներ։