Նյութը՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 07-11-2019
Կայացավ հերթական կլոր-սեղան քննարկումը՝ ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության թեմայով
Ս․թ․ հոկտեմբերի 30-ին Երևանում կայացավ կլոր-սեղան քննարկում, որը վերաբերվում էր ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության խնդիրներին ու դրա վերանայման անհրաժեշտությանը։
Կլոր սեղանն անց էր կացվում «Հայաստանում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման եւ խաղաղարարության գործում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» միջազգային հասարակական կազմակերպության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտության, կայունության եւ անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: 

Հանդիպմանը ներկա էին երիտասարդական քաղաքականության ոլորտի պետական հատվածի պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի ակտիվ ու շահագրգիռ գործիչներ, երիտասարդներ։

Կլոր-սեղանի առաջին մասում ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Ռոզա Հակոբյանը, ՕքսԵՋեն Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ծրագրի ղեկավար Զարուհի Տոնոյանն ու ԱրմԱկտիվ ՀԿ նախագահ Քրիստինե Ասատրյանը, ովքեր ներկայացրին ՀՀ երիտասարդական քաղաքականության հիմնական խնդիրներն այսօր, ոլորտում համագործակցության այլընտրանքային հարթակների կայացման հարցերը, ադվոկացիայի մեխանիզմները, ինչպես նաև համայնքներում և ոլորտային կազմակերպություններում երիտասարդական քաղաքականության տեղայնացման հնարավորությունների հեռանկարները։  

Այնուհետև, աշխատանքային երեք խմբերում մասնակիցները քննարկեցին մի քանի հարցեր, մասնավորապես, թե որն է երիտասարդական աշխատողի դերն ու առաքելությունը, ինչպես է հնարավոր բարձրացնել երիտասարդական ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, և թե ինչպես նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության և պետական օղակների միջև համագործակցության արդյունավետությունը։

Արդյունքում առանձնացվեցին մի շարք թեմաներ , որոնց շուրջ  «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնությունը» և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը» կշարունակեն աշխատանքները՝ մշակելով հիմնական մի քանի ուղերձներ՝ ուղղված երիտասարդական քաղաքականության մասնակցային և ներառական մոտեցման ձևավորմանը, որոնք հետագայում կներկայացվեն քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին և ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության պատասխանատու մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: