Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2019
70 գործատու՝ 1000 աշխատատեղ․ Կայացավ հերթական աշխատանքի տոնավաճառը
Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ իրականացվեց աշխատանքի տոնավաճառ։

«Էքսպո կենտրոնում» տեղի ունեցող աշխատանքի մեծ տոնավաճառին մասնակցում էր մոտ 70 գործատու: Ներկայացվեց 1000-ից ավելի թափուր աշխատատեղ: Տոնավաճառի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք աշխատանքի հնարավորությունների, պայմանների եւ ընդհանրապես աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, բայց դա պետք է անենք փոքր քայլերով»,- նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ աշխատանք փնտրողներին եւ առաջարկողներին: Նախարարը հերթով մոտեցավ մի շարք տաղավարների ու ծանոթացավ կազմակերպությունների առաջարկած աշխատատեղերին:

Տոնավաճառին մասնակցեցին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու, որոնք ներկայացրեցին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը: Մասնակիցները տեղում ծանոթանում էին առաջարկություններին, անհրաժեշտ պահանջներին, հետաքրքրելու դեպքում՝ գրանցվում, թողնում իրենց ինքնակենսագրականները, որպեսզի գործատուն հետագայում կարողանա կապ հաստատել: Որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ տեղում կարողացան անցկացնել հարցազրույցներ, որպեսզի համալրեն իրենց շարքերը:

Մեծ թվով աշխատատեղեր են ներկայացվել սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:

Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ես ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում կայացավ նաեւ զրույց -ներկայացում «Նոր հմտություններ 21-րդ դարի աշխատաշուկայի համար. զարգացում և ինքնազարգացում» թեմայով: 

Պատկերասրահ՝ Աշխատանքի տոնավաճառ Երևանում - 2019