Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և համացանցից
Տեղադրվել է 30-11-2019
Քրիստոֆ Ռանսմայրի «Վերջին աշխարհը»՝ հայերեն
Eritasard.am-ը վերսկսում է «Գրական իրարանցում» նախագիծը, որի նպատակն է ներկայացնել ոչ միայն հայտնի ու սիրված գրողներին, նրանց կյանքն ու գործունեությունը, գրական հաջողությունները, այլեւ գրական դեմքերի սիրված ու ոչ այնքան հայտնի ստեղծագործությունների առանձնահատկությունները:

«Անտարես» հրատարակչությունը հայ ընթերցողին է ներկայացրել սիրված, բայց նաեւ ինչ-որ առումով անծանոթ գրողի՝ Քրիստոֆ Ռանսմայրի «Վերջին աշխարհը» գիրքը: Այսպիսով՝ «Օտար գիր» մատենաշարը համալրվեց եւս մեկ հեղինակով: 

Քրիստոֆ Ռանսմայրի «Վերջին աշխարհը» վեպն արդեն թարգմանվել է աշխարհի երեք տասնյակ լեզուներով: Ռանսմայր առաջին անգամ բնագրից՝ գերմաներենից է թարգմանվել հայերեն։ 



Խոսելով գրողի ստեղծագործության գրական առանձնահատկությունների մասին՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց՝ Ռանսմայրի ոճը շատ յուրահատուկ է՝ խիստ, ժլատ, բայց նաեւ շատ խորն ու տպավորող. «Նա բոլորովին ուրիշ գրող է, մի տեսակ տիեզերական հայացք ունի, որի պարզությունից եւ խորությունից սարսուռ ես զգում»։

Վեպը գերժամանակակից առասպելապատում է՝ անցյալի մեջ ներկայի սաղմերը տեսնելու փորձ: Այն պատմություն է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի եւ նրա այրված գլուխգործոցի որոնումների մասին: Կերպափոխված տեղանքում խաղարկվող հոռետեսիլք, որում հին աշխարհը հանդիպում է ժամանակակից կյանքին: Բնազանցական, զգայացունց թաքնատեսություն՝ գերող ու խոր, լեցուն մոգական տեսիլապատկերներով՝ կենսատու ու տագնապալի: Առասպելի ուժով կառավարվող, աղետի եզրին հասցված, խորտակվող մի աշխարհ: Սա ասք է ոչ միայն աքսորի, գրաքննության եւ մոլորակի ավերմունքի մասին, այլեւ մշակութաբանական ու քաղաքական առակախոսություն՝ զարմանալիորեն արդիական, վերժամանակյա:



«Վերջին աշխարհը» գերմաներենից թարգմանել է Աշոտ Ալեքսանյանը: Ըստ նրա՝ վեպում լավագույնս ներկայացվել է քաղաքական իշխանության եւ գրականության մարդու հավերժական դիմակայությունը՝ բոլոր ժամանակներին հատուկ՝ լինի 1-ին դարը, թե 21-րդ, որ սովորաբար ավարտվում է գրողի ու արվեստագետի պարտությամբ. «Վեպի կարեւոր առանձնահատկությունը հին աշխարհի առասպելաբանական նյութի սերտաճեցումն է իրական կյանքի իրակությունների, եղելությունների հետ՝ որպես առօրեական կյանքի մշտական ուղեկից, հաճախ էլ այն ուղղորդող հատկացուցիչներ: Քրիստոնեական դարաշրջանում տեղի է ունենում նույն երեւույթը, ինչ վեպում է, միայն թե հավատի բաղկացուցիչներն են փոխվել, անվանափոխվել, բայց ոչ ներազդեցության ուժն ու որոշարկիչները»:

Ինչ վերաբերում է Ռանսմայրի լեզվին, թարգմանչի խոսքով՝ այն շքեղ է, հյութեղ ու ծորուն. «Պատկերաստեղծման անսպառ շիթի պես հորդում է այն ու կլանում ընթերցողին՝ վերջինիս ներքաշելով իրադարձությունների հորձանուտը, ասես ցանկանաս փոխել զարգացումների ընթացքը եւ կառավարման լծակները ձեռքերդ վերցնես ու կյանքի հորձանքն ուղղորդես, բերես որեւէ իմաստալի հանգրվանի»:



Աշոտ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վեպը հարուստ է հնախոսական դիպաշարերով եւ իմաստախոսություններով, որ հիմնված են հիմնականում Օվիդիուսի ստեղծագործական հանճարի պոռթկումների վրա. «Հզորագույն վեպ է՝ ժամանակներն ու կյանքի փուլերն իրար կապող ու հավերժի հետ մարդուն առնչակցող: Նաեւ աշխարհատեսության նոր դիտանկյուն է մեր առաջ բացում, կյանքդ փոխելու հրովարտակի պես»:

Անդրադառնալով թարգմանական խնդիրներին՝ Աշոտ Ալեքսանյանը նշեց, որ դրանք հիմնականում կապված են եղել առասպելական նյութի եւ վեպի գերժամանակակից պատումի հայերեն համարժեքները գտնելու դժվարությունների հետ. «Ամենամեծ դժվարությունն Օվիդիուսի «Կերպարանափոխությունների»՝ հայոց լեզվով չգոյությունն է, ուստի ստիպված եմ եղել զուգահեռաբար աշխատել նաեւ Օվիդիուսի բնագրի ինչ-ինչ արխայիկ տեղանունների հայերենացման ուղղությամբ, քանի որ, եթե Ռանսմայրն իր ձեռքի տակ ուներ «Կերպարանափոխությունների» գերմաներեն բնագիրը, դրա հայերեն թարգմանությունն ունենալու կարելիությունն ինձ չէր ընձեռվել»:



Աշոտ Ալեքսանյանի համար ամենադժվար թարգմանելին, ընդհանրապես, հեղինակի եւ առասպելապատումի լեզվաոճական միախառնումի, վաղնջահայերենով ասած՝ շտոգանումի սահմանաբաժանը չկորցնելն էր, որ չլինի թե երկու աշխարհների միատեղումի որոգայթն ընկնես ու ջրապտույտում հայտնվես:

Քրիստոֆ Ռանսմայրի ստեղծագործություններում ճգնաժամերին ու վերահաս աղետներին դիմակայելու մղումն առաջընթաց զարգացման հիմնարար քննադատության հեղինակի ներքին համոզմունք է: Նա դիմում է մարդկության անցյալի ճգնաժամային աղետներին՝ գալիք աղետները կանխատեսելու, լուսաբանելու եւ, ըստ հնարավորի, կանխելու նպատակով: Գրողը մետաֆիզիկ չէ, այլ մարդկային ազատության ջատագով: Իր՝ ինչ-որ տեղ թափառաշրջիկ կենսակերպի բերումով՝ նա իրեն կիսաքոչվոր է անվանում: Նրա փոքր ժանրի արձակ մանրապատումները հիշողություններ են այն մասին, որ դրանք ոչ միայն պատահել են իրականո՛ւմ, այլեւ որ ժամանակին նաեւ հնարավո՛ր են եղել: