Նյութը՝ Հովհաննես Վարդանյանի
Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչությունից
Տեղադրվել է 02-12-2019
Հարրի Փոթերը վերադառնում է հայտնի վիպաշարի չորրորդ գրքով
«Զանգակ» հրատարակչությունն օրերս հայ ընթերցողին ներկայացրեց Հարրի Փոթերի չորրորդ հատորը՝ «Հարրի Փոթերը եւ կրակի գավաթը»: Այդ առիթով «Զանգակ» գրատան նորաբաց մասնաճյուղում էին հավաքվել փոթերասեր փոքրիկներն ու նրանց ծնողները՝ տոնելու Ջոան Ռոուլինգի առայժմ ամենաստվարածավալ հատորի ծնունդը:

7 մասից բաղկացած հայտնի վիպաշարի այս հատորում Ջոան Ռուլինգը մանրամասն ներկայացրել է կախարդանքի ուժը, եւ թե ինչպես է Հարրի Փոթերին բախտ վիճակվում ներկա լինելու կախարդ աշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Ռոուլինգն այս հատորում նույնպես առաջնային է համարել խարիզման եւ ոչ թե գիտելիքը։

«Հարրի Փոթերը եւ կրակի գավաթը» գրքում դեպքերն այնքան արագ են զարգանում, որ խաղին հետ եւ ողջ իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Պարզվում է՝ մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի եւ Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջ եւ տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտելու մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝ Ջոան Ռոուլինգի նախորդ երեք հատորներն այնքան են սիրվել ընթերցողների կողմից, որ ունեցել են մի քանի հրատարակություն. «Ամեն տարի մենք տպագրության ենք պատրաստում մեկ հատոր, այդ ավանդույթը կշարունակենք նաեւ հաջորդ երեք տարիներին, եւ 2022-ին կունենանք Հարրի Փոթերի վիպաշարն ամբողջությամբ՝ 7 գրքով»:



Էմին Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում նախաձեռնում են նաեւ Հարրի Փոթերի փափուկ կազմով հրատարակությունները, որոնցում կլինեն նաեւ նոր նկարազարդումներ. «Հետաքրքիր է` կան ընթերցողներ, որոնք ժամանակին կարդացել են վիպաշարը բնագրային լեզվով, եւ անհամբերությամբ սպասում են հերթական հատորի հայերեն հրատարակությանը՝ ասելով, որ միեւնույնն է, հայերենն ընթերցելիս անհամեմատ ավելի են բավականություն ստանում»:

Ջոան Ռոուլինգը Հարրի փոթերյան աշխարհի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություններով՝ ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլերր եւ սիրային վեպ ժանրեր, ինչպես նաեւ ներառում է մի շարք մշակութային տարրեր: Հարցազրույցներից մեկում Ռոուլինգն ասել է, որ ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն:

14-ամյա Հայկ Վիրաբյանը շնորհանդեսին եկել էր եղբոր ու ծնողների հետ: Պատանի ընթերցողին այնքան են ոգեւորել նախորդ գրքերը, որ նա որոշել է բաց չթողնել նաեւ այս մեկը: Հայկն ասում է, որ նախորդ հատորներում դեպքերն այնքան արագ են զարգանում, որ ստիպված է եղել որոշ հատվածներ մի քանի անգամ կարդալ. «Սարսափ տեսարանները շատ հետաքրքիր են ներկայացված ու երեւակայությամբ կարելի է այն պատկերացնել (ժպտում է): Անհամբեր սպասում եմ նաեւ մյուս գրքերին»:



Բոլոր չորս հատորներն էլ բնագրից՝ անգլերենից թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը: Նրա խոսքով՝ ինչպես նախորդ գրքերում, այնպես էլ  «Հարրի Փոթերը եւ կրակի գավաթ»-ում գլխավոր կերպարներն արտացոլում են մարդկային արժանիքներն ու հատկությունները. ընդ որում՝ մարդկային արժանիքները դրսեւորվում են բեւեռայնացված, անգամ բաշխված են վհկության եւ կախարդության դպրոցի չորս հոսքերով, հանդես են գալիս անձնանունների մակարդակում. «Չորրորդ գիրքն առաջին հերթին առանձնանում  է մեծ ծավալով, որի պատճառով պատանի ընթերցողը ստիպված եղավ այսքան երկար սպասել թարգմանությանը: Իսկ մեծ ծավալը ենթադրում է ավելի մեծ թվով իրադարձություններ, դրվագներ, նոր կերպարներ, լրացուցիչ տեքստեր. հերոսների նամակագրություն, օրաթերթից քաղվածքներ, հայտարարություններ եւ այլն»:

Ալվարդ Ջիվանյանն արդեն համոզվել է՝ Հարրի Փոթերի արկածները կարդում են ոչ միայն պատանիները, այլեւ մեծերը. «Ռոուլինգը մեծ պատմող է, ասացող, նա իրադարձությունների վարպետ է, մի բան, որ ժամանակակից արձակի թույլ կողմն է, եթե շատ մեծ ընդհանրացում անենք: Նա զարմանալի հեղինակ է` ունակ գրելու ոչ իր մասին: Ի տարբերություն շատ գրողների, նա չի ներխուժում պատմություն, ստեղծվում է պատրանք, որ իրադարձությունները կատարվում են հեղինակի կամքից անկախ, եւ պատմության ընթացքը դառնում է անդիմադրելի»:



Անդրադառնալով թարգմանական խնդիրներին, Ալվարդ Ջիվանյանն ասաց՝ թարգմանական խնդիրներն անփոփոխ են` նույնը, ինչ նախորդ գրքերը թարգմանելիս. «Նորաբանություններ, անթարգմանելի բառախաղեր ու հանելուկներ, գերբնականին առնչվող բառապաշար, թիրախ եւ ընդունող լեզվամշակույթների քերականական անհամարժեքություն, սեռի բացակայություն հայերենում եւ, իհարկե, տառադարձման հարցեր: Վերջիններս խլում են ջանքեր, որ տեսանելի չեն, ընդ որում այս դաշտում գրեթե չկա միանշանակ որոշումների հնարավորություն»:

Հ.Գ.: Հարրի Փոթերի գրքերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 70 լեզուներով: Մոգության այս աշխարհը ստեղծած Ջոան Ռոուլինգը տարիների ընթացքում թողարկել է եւս մի քանի հարիփոթերյան գլուխգործոց. «Գերբնական գազաններ եւ որտեղ են նրանք բնակվում» գիրքն արդեն տպագրվել է, իսկ «Քվիդիչը դարերի ընթացքում» Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ շուտով կդրվի ընթերցողի սեղանին: