Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ կազմակերպիչներից
Տեղադրվել է 03-12-2019
Կայացավ «Media Change» երիտասարդական փոխանակման ծրագիրը
Նոյեմբերի 22-29-ը Դիլիջանում կայացավ «Media Change» երիտասարդական փոխանակման ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է «Էրասմուս +»-ի Գերմանիայի ազգային կենտրոնի ֆինանսավորմամբ և «ԱրմԷքթիվ-Երիտասարդական կենտրոն» (Հայաստան), «Ակտիվ Ինտերակտիվ» (Գերմանիա), «Սենֆինեքո» (Լեհաստան), «Ինսպիրա» (Պորտուգալիա), «Ավի» (Մոլդովա), «Նախաձեռնող երիտասարդների ցանց» (Ուկրաինա) հասարակակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում։ 

Կարևոր փաստ է թերևս ԵՄ անդամ պետությունների և արևելյան գործընկերության միջև փորձի փոխանակման նախադեպը, որը հնարավորություն է տալիս կոնկրետ երկրի փորձով գիտելիք ձևավորել և տրամադրել տարբեր իրականություններում ապրող երիտասարդներին։



Ծրագրի համակարգող Վարդան Ղափլանյանը Eritasar.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ծրագրին մասնակցել են գործընկեր երկրների երիտասարդները, այն երկրների, որոնց հետ նախկինում ևս համատեղ ծրագրեր են իրականացվել, բացի այդ, նշմարվել են համընկնող խնդիրներ։ 

Ընդհանուր առմամբ մասնակցել է 18-25 տարեկան 30 երիտասարդ։

«Դասընթացն ունեցել է և՛ տեսական, և՛ գործնական հատված։ Վերջինս հնարավորություն է տվել բարձրաձայնել կարևոր խնդիրներ։ Բացի այդ, իրականացնել նաև փորձի փոխանակում, քանի որ կարևոր էր նաև պատկերացում կազմել, թե ինչ իրավիճակ է տիրում նաև մասնակից երկրներում։ Փորձել տարբերել հավաստի տեղեկույթը ոչ հավաստի տեղեկույթից, անդրադառնալ մեդիա մանիպուլյացիաներին, կիսվել փորձով և այս ամենից ստանալ գործիքակազմ, նյութեր՝ տեսանյութերի,  նկարների կամ սթիքերների տեսքով, որոնք կարող են իրազեկող դերակատարություն ունենալ մասնակից երկրների երիտասարդների համար։»,- նշում է Վարդան Ղափլանյանը։



Հարցին, թե ինչ նման եզրեր կան մասնակից երկրների միջև, Վարդան Ղափլանյանը նշեց, որ բոլոր երկրներում էլ կան նույնատիպ խնդիրներ, ուստի դժվար է ասել, թե որ երկրում է առավել ուժեղ արտահայտված տվյալ խնդիրը։ 

Մեդիագրագիտության պակաս, չոստուգված փաստեր, մանիպուլիացիա․․․Սրանք բոլոր երկրներում առկա են, ուստի նման ծրագրերը նպատակ ունեն որոշակի ձևով նպաստել երիտասարդության շրջանում մեդիագրագիտության բարձրացմանը։