Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2019
«Երիտասարդական ներուժի արդյունավետ օգտագործումն ու խթանումը մարզային կյանքում»
«Նոր Էջմիածին » երիտասարդական նախաձեռնության համակարգող Ելենա Հարությունյանի խոսքով` Էջմիածնում երիտասարդական նախաձեռնություն ստեղծելու մոտիվացիան կայանում է Երեւանին մոտ լինելը. «Քանի որ Երեւանին շատ մոտ ենք, մեր ամբողջ ռեսուրսը` մտավոր, ֆիզիկական «հոսում է» դեպի Երեւան: Էջմիածնում երիտասարդական կյանքը շատ պասիվ է, չկան երիտասարդական կենտրոններ, նորմալ չեն գործում գրադարանը, թանգարանները: Դրանք ակտիվացման կարիք են զգում, մշակութային միջոցառումներ էլ քիչ են կազմակերպվում` միայն տոն օրերին»:

Այս եւ այլ խնդիրները լուծելու համար ստեղծել են «Նոր Էջմիածին» երիտասարդական նախաձեռնությունը, որն իր շուրջն է համախմբելու Էջմիածնի եւ հարակից համայնքների ակտիվ երիտասարդներին: Համախմբման առաջին քայլն էլ Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան գրադարանում անցկացված «Երիտասարդական ներուժի արդյունավետ օգտագործումն ու խթանումը մարզային կյանքում» դասախոսություն էր: Որի հիմնական նպատակն էր` բացահայտել երիտասարդության և նրա ներուժի օգտագործման արդյունավետ կողմերը: Բանախոսն էր Երևանի պետական համալսարանի դասախոս Սիրանույշ Մելիքյանը, ով կիսվեց Տավուշի մարզի երիտասարդական համայնքների հաջողված փորձով` ինչպես աշխատել, ձեռք բերել համագործակցություններ, և ընդհանրապես, որն է հաջողության բանաձևը: 



«Տարածքային համաչափ զարգացման թեման կարևորելով՝ մեզ համար մեծ նշանակություն ունեն և մեր ուշադրության կենտրոնում են մարզերում ապրող երիտասարդները, ուստի երիտասարդական ներուժի բացահայտման և ճիշտ օգտագործման հարցերը մեզ համար կարևոր են, առաջընթաց գրանցող, սոցիալ-տնտեսական, հասարակաքաղաքական ակտիվ կյանք ունեցող մարզեր ունենալու համար: Էջմիածնում երիտասարդական կյանքը շատ պասիվ է։ Համագործակցելով գրադարանների և թանգարանների հետ , փորձում ենք նոր ֆորմատով ծրագրեր իրականացնել՝ Բանավեճի ակումբ ստեղծել, թեմատիկ կինոդիտումներ կազմակերպել, այսպիսով  կրթական-մշակութային կյանքը առավել հետաքրքիր կդառնա ինչպես երիտասարդների, այնպես էլ հասարակության մնացած անդամնդրի համար»,- նշեց «Նոր Էջմիածին» երիտասարդական նախաձեռնության համակարգող Ելենա Հարությունյանը:



«Նոր Էջմիածին» երիտասարդական նախաձեռնությունը ձևավորվել է «Միտք» ՀԿ-ի կողմից իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակը համայնքներում երիտասարդական նախաձեռնությունների ստեղծումն է: 

Ծրագրի շրջանակում առաջին քայլը եղել է Եղեգնուտ համայնքում գրքահավաքի կազմակերպումը. Գրքերը տրամդրվելու են համայքի դպրոցի գրադարանին: Ելենա Հարությունյանի խոսքով` հաջորդ քայլը ժամանակակից գրողների հետ հանդիպումներ կազմակերպելն է լինելու: «Ծրագրի շրջանակում դեռ քիչ են իրականացված գործերը, բայց նպատակներ ու անելիքներ շատ կան»,- նշեց Ելենան: