Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-12-2019
Առաջին անգամ կայացավ «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ»» երաժշտական ներառական փառատոնը
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կայացավ «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» երաժշտական ներառական փառատոնը։ Միջոցառման նպատակն է՝ բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև` ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար:

Փառատոն հիմնադիր Նաիրա Սարգսյանն արդեն 5 տարի է աշխատում է ներառական կրթության շրջանակում, եւ հաշմանադամություն ունեցող երեխաների համար անցկացնում է երաժշտաթերապիա։ Նաիրան վստահ է, որ երաժշտության, արվեստի միջոցով հնարավոր է ամրացնել կապը, հանդուրժողականություն ձեւավորել, մտքի, երեւակայության փոխանակում ապահովել երկու կողմերի համար:

«Փառատոնի գաղափարն անձամբ իմն է, ուրախ եմ, որ թե՛ ներկաների, թե՛ մասնակիցների շրջանակում այն մեծ հետաքրքություն եւ ուրախություն առաջացրեց,սպասելիքներս իրոք արդարացան։ Կարծում եմ՝ հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով  կարելի է հնարավորինս հանրայնացնել եւ տեղայնացնել ներառական մտածողությունը»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչը։

Գոռ Սուջյանն էլ մեզ հետ զրույցում ընգծեց որ նմանօրինակ միջոցառումներն անչափ կարեւոր են եւ ունեն հստակ ասելիք․ «Ես մշտապես մասնակցում եմ այսպիսի միջոցառումների, քանի որ դա մեզանից յուրաքանչյուրի համար կարեւոր է։ Իրոք պետք է կանգնել կողք կողքի»։

Հիշեցնենք, որ  «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» երաժշտական ներառական փառատոնը կայացավ առաջին անգամ, իսկ իրականացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։