Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-12-2019
Այսօր կորոշվեն «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները
«Երիտասարդ» առցանց պորտալն իր ընթերցողներին է ներկայացնում «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի իր կազմած 10-յակն առցանց հորիզոնականների ու հերթականության։
Արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը: Այս տարի եւս մրցույթը կազմակերպվում է պետական մարմնի կողմից. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գլխավոր նախաձեռնողն է։

Նախորդ տարիների օրինակով տարվա տասը լավագույն մարզիկները որոշվելու են ինչպես հանրության՝ SMS քվեարկության, ԿԳՄՍ նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ) եւ այս մրցույթի քվեարկության համար հավատարմագրված մարզական թեմաներ լուսաբանող լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

Շաբաթներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իրեն վերապահված եւ սահմանված կարգով կազմվել էր «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2019 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Հատկանշական է, որ ցանկը կազմելիս ԿԳՄՍ նախարարության կողմից մրցույթին մասնակցելու համար ներկայացված մարզիկների եւ ՀՀ մարզաձեւերի ֆեդերացիաների (օլիմպիական մարզաձեւեր, ինչպես նաեւ ոչ օլիմպիական մարզաձեւեր՝ ուշու, սամբո եւ շախմատ) հայտերով ներկայացված մարզիկների անուն-ազգանունների 23 համընկնում է եղել։ Այսինքն` երկու ցուցակով ներկայացվել են նույն  մարզիկները, բացառություն են կազմել ֆեդերացիաների ներկայացրած երկու մարզիկ: Այս ամենի արդյունքում` «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը կազմված է 25 մարզիկից:

Մրցույթին հավատարմագրված լրագրողների թվում է նաեւ «Երիտասարդ» առանց պորտալի մարզական լրագրող Հարություն Ծատրյանը։ Ընդհանրապես մրցույթին քվեարկելու իրավունք կունենա 16 լրագրող։ Քվեարկելու իրավունք ունեցող մարզիչների ցանկը եւս հանրայնացվել է ԿԳՄՍ նախարարության կողմից։

«Երիտասարդ» առցանց պորտալը ներկայացնում է, թե Հայաստանի 2019 թ.-ի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկում ընդգրկված 25 մարզիկից ովքեր են, մեր կարծիքով, արժանի 10-յակում հայտնվելու։

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտում մարզիկին հաջողվել է 2019 թ.-ին Եվրոպական խաղերի ժամանակ զբաղեցնել 1-ին տեղը, իսկ ահա տարվա գլխավոր՝ մեծահասակների աշխարհի առաջնությունում ըմբիշը գրավել է 2-րդ տեղը՝ վնասվածքի պատճառով չմասնակցելով եզրափակիչին, 2020-ին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել)

Ռուբեն Ալեքսանյան (չնայած հայկական ծանրամարտում բռնկված դոպինգ սկանդալին՝ մարզիկը շարունակում է գերազանց ելույթներ ունենալ իր քաշային կարգում աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում այս տարի գրավելով 3-րդ տեղը)

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտիկին հաջողվեց հաղթել Եվրոպական խաղերում եւ Եվրոպային առաջնությունում իր քաշային կարգում գրավել 1-ին տեղը, իսկ աշխարհի մեծահասակների առաջնության ժամանակ զբաղեցնել 3-րդ տեղը)

Արթուր Դավթյան (հենացատկում մարզիկը պարզապես փայլուն հանդես եկավ եւ 1-ին տեղը գրավեց Եվրոպական խաղերի ժամանակ)

Տիգրան Կիրակոսյան (սամբոյում մարզիկը մրցակցությունից դուրս է եւ պատահական չէ, որ Եվրոպական խաղերում Հայաստանի համար առաջին ոսկե մեդալը նա նվաճեց՝ 1-ին տեղը գրավելով, սամբիստը հաջող ելույթ ունեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը՝ կրկին զբաղեցնելով ամենաբարձր հորիզոնականը՝ 1-ին տեղ)

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանը ավելի քան 6 տարի շարունակ չէր կարողանում բարձր տեղեր նվաճել, սակայն նրա ջանքերով ձեռք բերած Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալը կրկին հայտ է ներկայացրում, ըստ որի ազատ ոճի ըմբշամարտում ամեն ինչ չէ կորած)

Սիմոն Մարտիրոսյան (տակավին երիտասարդ մարզիկի համար բավականին հաջողակ տարի էր, նա ծանրամարտում արդեն նվաճել է բոլոր պատվաբեր մրցանակները, որոնց գումարվեց Եվրոպայի եւ աշխարհի մեծահասակների առաջնություններում 1-ին տեղի համար տրված ոսկե մեդալները)

Գոռ Մինասյան (այն քաշային կարգում, որտեղ հանդես է գալիս հայ ծանրորդը, գրեթե անհնար է լավագույնը ճանաչվել հարեւան երկրի՝ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի՝ գրեթե ոչ բնական թվացող ուժի եւ հզորության պայմաններում, սակայն հայ ծանրորդը մշտապես շարունակում է առաջադիմել եւ աշխարհի մեծահասակների առաջնությունում զբաղեցրած 2-րդ տեղը, գրանցած արդյունքը դրա վառ ապացույցն է)

Հակոբ Մկրտչյան (ծանրամարտում դեռ երկար ճանապարհ ունեցող երիտասարդ այս մարզիկին հաջողվեց 2019թ. դարձնել իր կարիերայում ամենաարդյունավետը՝ նվաճելով աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունների ոսկե մեդալները)

Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլի Հայաստանի ազգային  հավաքականի ավագի փայլուն եւ նվիրված խաղի շնորհիվ մեր ազգային թիմը հոկտեմբերին Երեւանում դժվարին ու ծանր հաղթանակ տոնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ խաղում, որից հետո շատերը սկսեցին իսկապես հավատալ, որ Հայաստանի հավաքականը կարող է խաղալ խոշոր մրցաշարերում, սակայն հետագայում ստացած վնասվածքը թույլ չտվեց ֆուտբոլիստին ազգային հավաքականի կողքին լինել։ Մինչեւ օգոստոսի վերջին օրը ֆուտբոլիստը պաշտպանում էր անգլիական «Արսենալի» գույները, որի կազմում հունիսին կարող էր հանդես գալ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի մրցաշարի եզրափակիչում, սակայն անվտանգության նկատառումներով չմեկնեց Բաքու, որից հետո հսկայական ճանաչելիություն ապահովվեց Հայաստանի համար։ Մխիթարյանի Ադրբեջան չմեկնելը նպաստեց արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը եւ ճանաչմանը համաշխարհային մամուլում: Ներկայում ֆուտբոլիստը լիարժեք ապաքինվել է ու կանոնավոր ելույթներ է ունենում հռոմեական «Ռոմայի» կազմում):