Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-31 07:50
ԳԵՂԵՑԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐ՝ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՎԱՌ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ
Երկիր մոլորակի բոլոր անկյուններում մոլեգնող համավարակի պատճառով մեզնից յուրաքանչյուրը բժշկական դիմակ է կրում։

Կարելի է ասել, որ դիմակը մեր հագուստի անբաժանելի մասն է դարձել։ Եթե նախկինում այն սոսկ պաշտպանիչ նշանակություն ուներ, ապա այսօր ստեղծագործական լայն հնարավորություններ է բացել դիզայներների համար։ Նորաձևության աշխարհահռչակ շատ տներ և անվանի մի շարք մոդելագործներ ձեռնամուխ են եղել գեղեցիկ պաշտպանություն ստեղծելու գործին։

Հայ դիզայներներից առաջինը բժշկական դիմակը նորաձև աքսեսուարի վերածելու փորձեր արեց Փարիզի նորաձևության խոստումնալից դեմքերից մեկը՝ Արմինե Օհանյանը։

Հետո սոցցանցերում հայտնվեցին Kivera Naynomis ապրանքանիշը կրող դիմակները, որոնց հեղինակը Երևանում ապրող և ստեղծագործող դիզայներ-մոդելավորող Արևիկ Սիմոնյանն է։

Ամերիկահայ դիզայներ Փոլ Աթյուն ևս աստղերի համար դիզայներական հագուստներ ստեղծելու փոխարեն այս օրերին նրանց և ոչ միայն նրանց համար դիմակներ է կարում։ Օսկարակիր շատ աստղեր, որոնք Կարմիր գորգով անցնելիս կրել են Փոլ Աթյունի կարած, Սվարովսկու բյուրեղներով զարդարված զգեստները, այսօր էլ օգտվում են հայտնի դիզայների ստեղծած ինքնատիպ դիմակներից. օրվա պահանջն է այդպիսին։ Ի դեպ, Փոլ Աթյուն կարում է նաև մեր Եռագույնով զարդարված դիմակներ։

Աշխարհահռչակ դիզայներ Ժան-Պոլ Գոտյեն ևս անդրադարձել է դիմակներին։ Նա դիմակներ է կարել իր հայտնի՝ զոլանախշ գործվածքից եւ վրան պատկերել Դալիի հեղինակած՝ Գալայի վառ կարմիր շուրթերը։

Երբ Ֆրանսիան հայտնվեց համավարակի ճիրաններում, և չէին բավականացնում բժշկական դիմակներն ու խալաթները, երկրի կառավարությունը օգնության կոչով դիմեց բոլորին։ Louis Vuitton նորաձևության տունն անմիջապես արձագանքեց, և որոշ արտադրամասեր սկսեցին արտադրել բժշկական դիմակներ։ Դրանցից բացի նորաձևության այս տունը արտադրում է նաև դիզայներական դիմակներ։ Բժշկական խալաթների և դիմակների արտադրության կոչին միացան Armani, Burberry և Gucci նորաձևության տները։

Ոճային եւ գեղեցիկ դիմակների արտադրությամբ զբաղվում են շատերը։ Կոպենհագենում հայտնի Helmstedt ապրանքանիշի դիմակները ստեղծվում են տեքստիլի վրա գեղեցիկ դաջանախշեր անելու եղանակով։ Դիմակների վաճառքից ստացված ողջ հասույթը ընկերությունը նվիրաբերել է համավարակի դեմ պայքարի հիմնադրամին։

Մանկական հագուստի omamimini ամերիկյան ապրանաքանիշն արտադրել է դիմակներ երեխաների եւ մեծահասակների համար, որի վրա գրված է՝ Social Distancing Social Club։ Դրանք արդեն մեծ պահանջարկ են վայելում։

Բազմակի օգտագործման դիմակներ պատրաստել կարող է յուրաքանչյուրը, ով ունի ստեղծագործական միտք և ձեռքի շնորհք։ Հետևելով դիզայներների օրինակին՝ ամեն մարդ կարող է օգտագործել ձեռքի տակ եղած կտորը (ցանկալի է բնական նյութերից՝ բամբակ, վուշ), ստեղծագործել, արարել և ստեղծել իր ինքնատիպ կերպարը։