Նյութը՝ Նարինե Գալստյանը
Լուսանկարները՝ Պարունակ Զելվեյանի
Տեղադրվել է 2020-06-15 16:12
ՊԱՐՈՒՆԱԿ ԶԵԼՎԵՅԱՆ. «ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԻՆՁ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ՏԱՐԵԼ»
Այս օրերին դպրոցը նոր ավարտած հազարավոր երիտասարդներ պետք է կայացնեն իրենց ողջ կյանքի համար չափազանց պատասխանատու որոշում՝ որտեղ շարունակեն ուսումը, ինչ մասնագիտություն ընտրեն։

Ոմանք, ինչպես ընդունված է ասել֊, դեռ մանկուց հստակ գիտեն, թե ինչ են դառնալու եւ իրենց նպատակին հասնելու համար լուրջ քայլեր են ձեռնարկում դպրոցում սովորելու տարիներին։ Մյուսները մասնագիտության ընտրությունը կատարում են՝ հետևելով  ծնողների կամ ծանոթների խորհրդին։ Մարդիկ էլ կան, որ «ո՞ւր գնալ սովորելու» հարցի պատասխանը գտնում են վերջին պահին, իրենց որոշումը կայացնում են առանց երկար-բարակ ծանրութեթև անելու։ Եվ, ինչպես կյանքն է ցույց տալիս, հապճեպ կայացրած որոշումները նույնպես լինում են շատ ճիշտ. ընտրած մասնագիտությունը դառնում է կյանքի գործ, որին մարդը ծառայում է անմնացորդ նվիրումով։

Բժշկի մասնագիտության հանդեպ միշտ էլ առանձնակի վերաբերմունք է եղել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վերջին ամիսներին ամբողջ աշխարհում և Հայաստանում էլ ավելի կարևորվեց ու գնահատվեց բժշկի աշխատանքը։ Մարդիկ տեսան, տեսնում են, թե ամիսներ շարունակ բժիշկները օր ու գիշեր կատարում իրենց մասնագիտական պարտքը, ինչպես են վտանգում իրենց առողջությունը՝ հիվանդներին փրկելու համար։ Եվ, թերևս, այս օրերին շատ երիտասարդներ կայացրին բժիշկ դառնալու չափազանց պատասխանատու որոշում։

-Ճիշտ է, նման մի դիպվածը կարող է դեր խաղալ մասնագիտության ընտրության հարցում։ Ինքս բժիշկ դառնալու իմ որոշումը կայացրել եմ շատ պատահական,- ասում է Երևան քաղաքի գլխավոր սրտաբան, դոկտոր, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը (նրա նախնիները Կապադովկիայի Զելվեյեր բնակավայրից են։ Այստեղից էլ՝ Զելվեյան բացառիկ ազգանունը.-Ն.Գ.)։ Դպրոցում լավ էի սովորում, ավարտել եմ գերազանցությամբ, բայց սովորելու տարիներին հստակ չէի որոշել, թե որտեղ եմ շարունակելու ուսումս։ Ժամանակ առ ժամանակ մտածում էի աստղագետ, մաթեմատիկոս, կենսաբան, անգամ ռեժիսոր դառնալու մասին։ Բայց, կրկնում եմ, վերջին պահին շատ պատահական որոշեցի դիմել բժշկական ինստիտուտ։ Մեր գերդաստանում բժիշկներ չկային, դա իմ մանկության երազանքը չէր, այլ իսկապես հանպատրաստից կայացրած որոշում։ Սակայն առաջին տարին չընդունվեցի, քանի որ այն տարիներին մրցույթը բավական մեծ էր՝ մեկ տեղի համար մինչև 40 դիմում էր լինում։ Երկու տարի ծառայեցի խորհրդային բանակում, վերադարձա և 1987 թվականին ընդունվեցի ինստիտուտ։ Ի դեպ, երբ ավարտում էինք, մեր ինստիտուտն արդեն դարձել էր Մխիթար Հերացու անվան  բժշկական համալսարան։ Այդ տարիներին մեր կյանքում շատ ավելի կարևոր այլ փոփոխություններ էլ կատարվեցին։

-Այո, 88-ին դրվեց համազգային զարթոնքի, համաժողովրդական շարժման սկիզբը, որի կարեւոր դերակատարը երիտասարդությունն էր, ուսանողությունը։

-Մեր կուրսի տղաների մեծ մասը բանակում ծառայած, կայացած մարդիկ էին, և  զարթոնքի տարիներին Շարժման կարևորագույն օղակներում մենք շատ լրջագույն դերակատարություն ունեցանք։ Դա ոչ միայն մեզ համար պարտականություն էր, այլև մեզ կերտելու, մեր արժեքային համակարգը ստեղծելու, գաղափարային կաղապարներից ձերբազատվելու, մեր պատմությունն այլ կերպ ընկալելու հնարավորություն։ Եվ եթե ես բժշկի մասնագիտությունը չընտրեի, գուցե չհայտնվեի այդ շրջանակում, գուցե իմ կյանքն այլ կերպ ընթանար։

-Որքան գիտեմ՝ հետդիպլոմային կրթությունը ստացել եք Մոսկվայում։

-Գիտե՞ք՝ իմ ընտանիքը, հարազատներս ինձ երբևէ չեն ծանրաբեռնել կենցաղային, սոցիալական խնդիրներով և մշտապես հնարավորություն են տվել զբաղվելու իմ սիրած գործով։ Երբ ավարտեցի ինստիտուտը, և վրա հասավ նեղ մասնագիտացման ընտրության պահը, քույրս արդեն ամուսնացել էր և ապրում էր Մոսկվայում։ Ինձ համար լուծված էր այնտեղ ապրելու, սովորելու հարցը, և ես մեկնեցի Մոսկվա։ Բայց դարձյալ տատանվում էի ընտրության հարցում՝ գինեկոլոգիա՞, թե՞ սրտաբանություն։ Դիմեցի գինեկոլոգիայի ինստիտուտ, քննություն հանձնեցի, ընդունվեցի, հասա տուն և զգացի, որ սխալ ընտրություն եմ կատարել։ Գործերս հետ վերցրեցի և ընդունվեցի Մյասնիկովի անվան կլինիկական սրտաբանության ինստիտուտ։ Ու թեպետ սրտաբանությամբ զբաղվելն էլ պատահականության արդյունք եղավ, բայց վերստին համոզվեցի, որ սա է իմ խաչը՝ դրական իմաստով, որովհետև սա ինձ համար ամենահաճելի զբաղմունքն է։ Սա իմ ճիշտ որոշումն էր։

-Մոսկվայում սովորելը ինչպիսի՞ հնարավորություններ բացեց Ձեր առաջ։

-Մյասնիկովի անվան կլինիկական սրտաբանության ինստիտուտն ուներ հետազոտական լուրջ բազա, միջազգային լուրջ կապեր, և ինձ ընձեռվեց լրջորեն գիտությամբ զբաղվելու հնարավորություն։ Ուսումս ավարտելուց հետո աշխատեցի նույն ինստիտուտում որպես զարկերակային գերճնշման լաբորատորիայի գիտաշխատող, կատարեցի լուրջ ուսումնասիրություններ, պաշտպանեցի իմ թեկնածուական թեզը, վերապատրաստվեցի արտասահմանյան տարբեր երկրներում և… վերադարձա Հայաստան։

Հայաստան վերադառնալով՝ Պարունակ Զելվեյանը հիմանդրում է Երիտասարդ բժիշկների ասոցիացիան (հետագայում՝ Հայկական բժշկական ասոցիացիա), ստեղծեց Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնը։ Այսօր նա  Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է։ Գրել է շուրջ 400 գիտական աշխատություն, 9 մենագրություն, կրթական-մեթոդական ձեռնարկներ։ Նրա գործադրած ջանքերի, տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ սրտաբանությունը Հայաստանում լուրջ զարգացում է ապրում։

-Բժիշկ դառնալու որոշումս պատահական էր, սակայն երբևէ չեմ ափսոսացել դրա համար։ Իմ աշխատանքից հիմնականում բավարարվածության զգացողություն ունեմ, ինձ պիտանի եմ զգում այս ոլորտում և գիտեմ, որ սա իմն է։ Այսօր կարող եմ ասել, որ ճակատագիրը ինձ ճիշտ ճանապարհով է տարել։