Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-20 22:43
«ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում:

Այս մասին հունիսի 18-ին «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շեշտելով, որ փորձում են սփյուռքի հետ կապը պահպանել առցանց հարթակում: Շաբաթական երկու անգամ կազմակերպում են առցանց հանդիպումներ տարբեր համայնքների ներկայացուցչների հետ,  փորձում են քննարկել կարևոր հարցեր:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակում սփյուռքում ապրող հայ երեխաների համար անցկացվում են հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ և կազմակերպվում են ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրերում, հավանաբար կիրականացվի օգոստոսին օնլայն հարթակում: Երեխաների համար առցանց հարթակ կստեղծվի Հայաստանի հետ կապը պահպանելու նպատակով»,-նշեց նա:

Խոսելով «Ի գործ» ծրագրից, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում և նպատակ ունի նպաստել պետության կառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանն ու մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը, Սինանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում այն զարգացել է: «Մենք չկարողացանք կյանքի կոչել սեպտեմբերին նախատեսված լայնածավալ կոնֆերանսները և մի շարք այլ նախաձեռնություններ, բայց  այս ընթացքում ակնհայտ էր, որ կառավարությունը երիտասարդ մասնագետների, թարմ գաղափարների կարիք ունի: Ծրագրին դիմեցին բազմաթիվ երիտասարդներ 20 տարբեր բաժիններում աշխատելու համար: Հնարավոր է՝ այս տարի 100 երիտասարդ գիտնական կարողանանք ներգրավել կառավարության որոշումների կայացման գործընթացում»,-շեշտեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: