Նյութը՝ 1lurer.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ 1lurer.am լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-26 22:59
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՐՆԵՐԻՑ ՈՒ ՆՈՐԱՎԱՐՏ ԲԺԻՇԿՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ԵՆ ՄԻԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ
«Հավատացեք՝ մեկ այլ զգացողություն է, երբ թուլացած շնչառություն ունեցող կորոնավիրուսով հիվանդի կարգավորված շնչառությունն ես լսում: Այսօր այդ օրերից էր»,- ուրախությամբ ասում է բժշկուհի Սոնան: Օրեր առաջ էլ 13 օրական փոքրիկին էր ամուր գրկել:

Հաջողվել էր կորոնավիրուսով վարակված ամենափոքր պացիենտին կրկնակի թեստը բացասական ստանալուց հետո տուն ճանապարհել: «Երբ իմացա՝ բացասական էր պատասխանը, շատ ոգևորված մայրիկին տեղեկացրի ու հատուկ իրեն ճանապարհելու համար հագել եմ նոր արտահագուստ ու ճանապարհել եմ»,- ուրախությամբ հիշում է բժշկուհին:

1lurer.am-ի հետ զրույցում բժշկուհի Սոնա Եգանյանը պատմում է՝ երբ լսել է առողջապահության նախարարության հայտարարությունը, որ  բժիշկներ են անհրաժեշտ, դիմել է որպես կամավոր աշխատանքներում ընդգրկվելու համար: Ասում է՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների բուժման գործընթացում ընդգրկվելուց առաջ մեկ ամիս էլ վերապատրաստում է անցել ու նոր ներգրավվել աշխատանքներին: Այժմ աշխատում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից «Ռեժինե» հյուրանոցում, որտեղ  կորոնավիրուսով վարակակիրներն են այժմ բուժվում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում մինչ այս պահը ընդգրկված կլինիկական օրդինատորների թիվը 118 է, որից անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ` 22-ը: 

Նախորդ տարի ԵՊԲՀ-ն ավարտած մանկաբույժն ասաց. «Ցանկացած օգնող ուժի կարիքն էլ կա, կլինի օրդինատոր թե նորավարտ: Այսօր այդ իրավիճակն է, երբ մեր բժիշկներին օգնողներ են պետք: Ես մեկ ամիս է տուն չեմ գնացել, բայց ինձ հետ աշխատող բժշկուհիները՝ Հասմիկ Օհանյանը, Հայկուհի Այվազյանն արդեն չորս ամիս է՝ ընտանիքից հեռու են: Ուժասպառ են, բայց փորձում են գիշերուզօր անել ամենը, ինչն անգամ իրենց ուժերից վեր է: ՉԷ՞ որ բժշկի մասնագիտությունը հենց այն է, երբ կարողանում ես օգնել, լավ արդյունք տեսնել»,- ասաց բժշկուհին: Որպես նեղ մասնագետ՝ մանկաբույժն ասաց, որ հիմնականում փոքրիկների բուժմամբ է զբաղվում, ու տպավորիչն այն է, որ երեխաները կորոնավիրուսի վարակը համեմատաբար ավելի թեթև են տանում, ու ապաքինման արդյունքն արագ են արձանագրում: Շեշտեց՝ յուրաքանչյուր երեխային վերադարձնելն իր առօրյա ակտիվ, չարաճճի կյանք, մեծ ձեռքբերում է: