Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-29 17:56
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ` ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
2020 թվականի 1-ին կիսամյակում դպրոցական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները ՀՀ պետական բյուջեից ստացել են շուրջ 18 մլն 300 հազար դրամ կրթաթոշակ, այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, օլիմպիական կրթաթոշակ է տրամադրվել 195 աշակերտի, որոնք Հանրապետական առարկայական և Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադաներում նվաճել են մրցանակային տեղեր:

Դպրոցներից ամենաշատ մրցանակակիր ունեն ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը (թվով 74 մրցանակակիր) և «Քվանտ» վարժարանը (թվով 32 մրցանակակիր):

Հանրապետական առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերում հաղթելու համար առաջին կարգի դիպլոմ է նվաճել 41 աշակերտ: Երկրորդ կարգի դիպլոմի արժանացել է 57 աշակերտ, իսկ երրորդ կարգի դիպլոմ տրվել է 92 աշակերտի:
Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլերում 1 աշակերտ զբաղեցրել է 1-ին տեղը, 7 աշակերտ` 2-րդ և 10 աշակերտ` 3-րդ տեղը:

Կրթաթոշակները տրամադրվում են համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ, եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Իսկ անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Այսինքն, 12-րդ դասարանում սովորող դիպլոմակիրները մեկ տարվա կրթաթոշակը կարող են ստանալ միանգամից: Իսկ միաժամանակ երկու և ավելի օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած երկու աշակերտի կրթաթոշակը կազմել է 360 հազար դրամ` 2019-2020թթ. ուսումնական տարվա համար:

Նշենք, որ անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:

Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով: