Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-29 17:57
ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ. ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն անցել է աշխատանքային նոր պայմանների։ Ապրիլ-մայիս ամիսներին թատրոնի ներկայացումները հեռարձակվեցին ֆեյսբուքյան էջով, «Դասարան+Դասական» կրթական ծրագրի հերթական փուլը կազմակերպվեց առցանց տարբերակով։ Ամռան ամիսներին ևս թատրոնը ակտիվ կլինի և կներկայանա նոր յուրատիպ ծրագրերով՝ կրկին վիրտուալ հարթակում։

Ինչպես հայտնեցին թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ապրիլ-մայիս ամիսներին յուրաքանչյուր երկուշաբթի ֆեյսբուքյան էջում տեղադրվող ներկայացումները թե´ ներկա խաղացանկից էին, թե´ արխիվից։ Ներկայացումներն ունեցան ավելի քան 280 000 դիտում։

Առցանց տարբերակով ներկայացվեց նաև «Դասարան+Դասական» կրթական ծրագիրը, որի առաջին փուլը տեղի էր ունեցել 2019-ի աշնանը և մեծ արձագանք էր առաջացրել։ Այժմ ծրագրի ձևաչափը հարմարեցվել է վիրտուալ հարթակի սկզբունքներին՝ նախատեսելով լսարանի և տարիքային առավել մեծ ընդգրկում։ 4 ենթաբաժնից բաղկացած ծրագիրը հանրությանը ներկայացվեց մարտի 27-ից մայիսի 22-ը։ «Թատերագիտակ» բաժինը հակիրճ և ամփոփ տարբերակով անդրադարձավ թատրոնի պատմությանը՝ անտիկ ժամանակներից հասնելով մեր օրեր, ընդգրկելով նաև հայ թատրոնի պատմության էջերից։

«Զրույց հայտնիների հետ» շարքի ընթացքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հանդիպումներ էր ունենում ժամանակակից հայ թատերարվեստի հայտնի ներկայացուցիչների հետ և քննարկում երիտասարդներին հուզող արդիական հարցեր։ «Ներկայացում առցանցում» բաժնում անդրադարձ էր կատարվում երևանյան տարբեր թատրոնների բեմադրությունների։ «Հետնաբեմ» շարքը բացահայտում էր թատրոնի աշխարհի գաղտնիքները՝ ներկայացնելով թատերական էթիկայի կանոնները, բեմի և դահլիճի կառուցվածքը, լուսային և ձայնային համակարգերը, բեմանկարչության, բեմազգեստի, բեմական կերպարի ստեղծման յուրահատկությունները։ Ծրագրի 32 հաղորդումներն ունեցել են 300 000 դիտում, շուրջ 13 000 հավանում, մեկնաբանություն և կիսում։

Հուլիս-օգոստոս ամիսներին թատրոնը կշարունակի ստեղծագործական ակտիվ ընթացքը՝ առցանց հարթակում հասանելի նոր ծրագրերով։ Այսպես, թատրոնի 100-ամյակին ընդառաջ իրականացվող «Հուշերի քառուղիներ» ծրագիրը կներկայացնի Մայր թատրոնի պատմության էջերում իրենց անունը գրած ստեղծագործողների։ Ստեղծագործական կարճ կենսագրական-պատումներից բացի, թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ տվյալ արվեստագետի նամակներից, հուշերից, հոդվածներից։ Շարքը ոչ միայն կներկայացնի արվեստագետի գործունեությունը, այլ նաև կբացահայտի նրա աշխարհայացքը, մտածողության շերտերը, մարդկային նկարագիրը։

Ամռանը թատրոնը կներկայանա նաև համագործակցային յուրատեսակ ծրագրով՝ աշխատելով հայաստանյան թանգարանների հետ։ «Թատերական ընթերցումներ» շարքի շրջանակներում թատրոնի դերասանները կընթերցեն նամակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր, հետաքրքրաշարժ պատմություններ և այլ ուշագրավ նյութեր, որոնք կընտրեն և կտրամադրեն թանգարանները։ Ընթերցումները հասանելի կլինեն թե´ թատրոնի, թե´ թանգարանների ֆեյսբուքյան էջերում։ Արդեն իսկ համաձայնություն է ստացվել մի շարք թանգարանների՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Թումանյանի թանգարանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, Մ․Սարյանի տուն-թանգարանի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Պ. Սևակի տուն-թանգարանի, Պ. Պռոշյանի տուն-թանգարանի հետ։