Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-30 13:47
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ԿՑՈՒՑԱԴՐԻ ՋԱԿՈՄՈ ՊՈՒՉԻՆԻԻ «ՏՈՍԿԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջկոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի տեսաձայնագրությունը հուլիսի 1-ին կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Արվեստասերները այն կարող են դիտել ժամը 20:00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ:

Ներկայացման մեջ Ֆլորիա Տոսկայի դերերգը կատարում է Կարինա Ֆլորենսը, Մարիո Կավարադոսիի դերերգը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը, բարոն Սկարպիայի դերում է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը: Բեմադրության մեջ զբաղված են նաև Հովհաննես Ներսիսյանը, Հայկ Տիգրանյանը,
Ալեքսեյ Ավետիսյանը, Արմեն Գրիգորյանը, Պողոս Բեազբեկյանը, Էրվին Ֆլորեսը:

Դիրիժորը  Հարություն Արզումանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Նաիրե Ստեփանյանը, նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանի, լուսային նկարիչն է Ալեքսանդր Սիվաևը, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը:

«Տոսկաե-ն ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկն է։ Իտալերեն լիբրետոն հեղինակել են Լուիջի Իլիկան և Ջուզեպե Ջակոզան՝ ըստ Վիկտորիեն Սարդուի նույնանուն պիեսի: Երեք գործողությամբ ներկայացման առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել: