Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-10 09:18
NASA-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ
NASA-ն օգտագործել է արբանյակային տվյալները օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով ավերածությունների քարտեզը կազմելու համար։

Քարտեզը ստեղծելու համար օգտագործվել են Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel արբանյակներից մոդիֆիկացված տվյալները։

Տվյալները վերլուծվել են NASA Advanced Rapid Imaging and Analysis (ARIA) խմբի Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Տիեզերական գործակալության ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Գործընթացին մասնակցել է նաեւ Սինգապուրի աստղադիտարանը։

«Այդօրինակ քարտեզները կարող են օգնել պարզել, թե որքան ուժգին են տուժել շրջանները, որտեղ մարդկանց կարող է օգնություն անհրաժեշտ լինել»,-ասվում է NASA-ի հայտարարության մեջ։

Քարտեզի վրա առավելապես վնասված շրջանները ներկայացված են կարմիրով, միջին աստիճանի տուժածները՝ նարնջագույնով։ NASA-ի տվյալներով՝ յուրաքանչյուր գունային պիքսելը ներկայացրել է 33 յարդ ծավալով մակերես։

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում, որի հետեւանքով զոհվել է 158 մարդ, շուրջ 5000-ը՝ վիրավորվել, մայրաքաղաքի ափն ավիրվել է, տուժել են հարյուրավոր շենքեր։