Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-01 08:03
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՆԱՄԱԿԱՆԻՇ
25-30 տարի առաջ դժվար էր պատկերացնել մեր կյանքն առանց նամակագրության։ Հեռավոր ազգականների, ծանոթ-բարեկամների հետ կապը պահպանում էինք ոչ միայն հեռախոսի ու հեռագրի, այլև նամակագրության միջոցով։

Նամակներ էինք գրում, հարցեր տալիս, որոնց պատասխանը կարող էինք ստանալ միայն օրեր, երբեմն շաբաթներ անց։ Նամակը ծրարում էինք, գցում փոստարկղը։ Եթե ուզում էինք շուտ տեղ հասներ, գնում էինք փոստատուն, ծրարի վրա նամականիշ փակցնում։ Շատերը այդ նամականիշերը խնամքով պոկում էին ծրարների վրայից ու ստեղծում իրենց հավաքածուները։ Իսկ հետաքրքիր է՝ ե՞րբ և ո՞վ է ստեղծել առաջին նամականիշը, որի հավաքորդությունը այսօր դարձել է միլիոնավոր մարդկանց հոբբին։

Հայտնի է, որ Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան (հունարեն՝ թելոս) էին դնում։ Դա նշանակում էր, որ նամակի ուղարկման համար վճարված է։ Ըստ էության, այդ նշանը ժամանակակից փոստային նամականիշի նախատիպն էր։

Լյուդովիկոս 14-րդի (1653-1654թթ.) թույլտվությամբ Ժան-Ժակ Ռենուար դե Վիլայեն Փարիզում կազմակերպում է կանոնավոր փոստային ծառայություն և թողարկում փոստային վճարի ժապավենաձև տոմսակներ (Billet de port pay)՝ 1 սու արժողությամբ։ Դրանցով փաթաթում էին փոստային առաքումը կամ դնում դրա մեջ այնպես, որ դրսից երևար։ Ժապավենաձև տոմսի վրա Ռենուար դե Վիլայենի հատուկ կնիքն էր, որի վրա գրված էր՝ վճարված է։ Նշվում էր օրը, ամսաթիվն ու տարեթիվը։ Ցավալիորեն, այդ նմուշից ոչ մի օրինակ չի պահպանվել։

1660-ականների սկզբին Անգլիայում Հենրի Բիշոպը ստեղծեց փոստային վճարը հաստատող առաջին կնիքները։ Դրանց վրա նշվում էր, թե նամակ ստացողը որքան պետք է վճարի։ Այդ կնիքները օգտագործվում էին Լոնդոնում, Էդինբուրգում, Դուբլինում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայի անգլիական գաղութներում։

 

1660թ. լոնդոնցի պաստառագործ Ռոբերտ Մուրեյը ստեղծեց առաջին քաղաքային մասնավոր փոստը։ Այն հետագայում անցավ իր գործընկեր Ուիլյամ Դոքրային։ Փոստային ծառայությունը սկսեցին անվանել «Փեննի փոսթ»՝ The London Penny Post, քանի որ մինչև 1 ֆունտ քաշով նամակի տեղափոխման վճարը 1 փեննի էր։

1683 թվականին Ռոբերտ Դոքրայը գործառության մեջ մտցրեց կանխավճարի եռանկյունաձև կնիք, որի վրա գրված էր «Penny Post Paid» (փոստային վճարը՝ 1 փեննի՝ գանձված է), իսկ եռանկյունու կենտրոնում թվով նշվում էր նամակի ուղարկման վայրը։

1819-37թթ. Սարդինյան թագավորությունում թողարկվում էին կնքված փոստային թղթեր (Carta postala bolata), որոնց վրա կապույտ թանաքով, իսկ 1820 թվականից՝ անգույն դաջվածքով տպվում էր առաքման վճարը (15, 20 և 50 չենտեզա)։ Դրանց վրա պատկերված էր գալարափող փչող, հեծյալ տղա՝ մունետիկ։ Թղթի արժեքից կախված՝ կնիքը լինում էր կլոր, ձվաձև կամ ութանկյուն։ Կեղծումը կանխարգելելու նպատակով թղթերը տարբեր ջրանշաններ ունեին։

 

1823 թվականին շվեդ լեյտենանտ Կուրրի Գաբրիել Տրեֆենբերգը առաջարկեց շրջանառության մեջ մտցնել կանխավճարով ծրարներ՝ վրան անգույն դաջվածքով կամ գունավոր նկարով նամականիշ, որը դժվար կլիներ կեղծելը։ Ստոկհոլմի կենտրոնական փոստային բաժանմունքը մերժեց առաջարկը՝ այն անվանելով անհեթեթ։

1834-1838թթ. գրավաճառ և հրատարակիչ շոտլանդացի Ջեյմս Չալմերսը նախագծեց և ստեղծեց փոստային վճարման նշաններ։

1835-1836թթ. փոստային հաշվապահի օգնական ավստրիացի Լորենց Կոշիրը առաջարկեց փոստային առաքման վճարը նախապես գանձել սոսնձվող նամականիշերի միջոցով։

Անգլիական առաջին նամականիշի թողարկումից հետո տարբեր երկրներում հայտնվեցին փոստային նամականիշեր։ Սակայն պետք է նշել, որ մասնագետները միանշանակ եզրահանգման չեն եկել, թե ում է պատկանում որպես փոստային բարեփոխման տարր շրջանառության մեջ մտած առաջին նամականիշի հեղինակային իրավունքը։ Շատերն այդ նորարարության հեղինակ են համարում շվեդ Գաբրիել Տրեֆենբերգին, մյուսներն էլ կարծում են, որ նամականիշի հեղինակը  անգլիացի Ջեյմս Չալմերսն է, որը 1834 թվականին իր մասնավոր տպարանում տպագրեց նամականիշերի փորձնական թվաքանակ, որոնք սոսնձվում էին ծրարին։ Սակայն նրա գյուտը չկարողացավ հաղթահարել բյուրոկրատական պատնեշները։

Փոստային առաջին պաշտոնական նամականիշը ստեղծվեց անգլիացի Ռոլանդ Հիլի շնորհիվ (որը հետագայում դարձավ Բրիտանիայի գլխավոր փոստմայսթերը)։ Նրա մայրն աշխատում էր փոստում և անընդհատ տղային բողոքում էր փոստային համակարգի թերություններից։ Այդ ամենը Հիլին դրդեց, որ 1837 թվականին թողարկի մի գրքույկ՝ «Փոստային ծառայության բարեփոխումը» (Post Office Reform) անվանումով։ Այդ փոքրիկ գրքույկը, ինչպես և նրա հետագա հայտնագործությունը՝ նամականիշը, իսկական հեղաշրջում առաջացրին փոստային գործում։ Հիլին է վերաբերում նաև միասնական փոստային սակագնի սահմանումը՝ 1 փեննի բոլոր այն նամակների համար, որոնք կշռում են 7 գրամ։ Այդ մոտեցումը շատ հարմար էր բոլորի համար՝ և՛ փոստի աշխատակիցների, և՛ այդ ծառայություններից օգտվողների։ Գրքույկի հրատարակումից երեք տարի անց՝ 1840 թվականի մայիսի 6-ին, Հիլը թողարկեց ուղղանկյունաձև սև գույնի նամականիշ, որի վրա պատկերված էր Վիկտորիա թագուհու կիսադեմը։ Այդ նամականիշի ձևավորողներն էին Չարլզ և Ֆրեդերիկ Հիթերը և Հենրի Քոուլը։ Նամականիշն արժեր 1 փեննի, որի շնորհիվ էլ ստացավ ՙսև փեննի՚ անվանումը։ Դրանից հետո ի հայտ եկավ 2 փեննի արժողությամբ նամականիշը, որը ոչ թե սև, այլ կապույտ գույնի էր։ «Սև փեննի» նամականիշի ընդհանուր տպաքանակը կազմեց 68մլն օրինակ։ 2009 թվականին չմարված այդպիսի մեկ նամականիշը «Սոթբիսի» աճուրդում վաճառվեց 20 հազար 625 ֆունտով։

Սկզբում նամականիշերն ուղղանկյունաձև էին, առանց ատամնավոր կտրվածքի։ Դրանք տպագրվում էին ոչ թե մեկական հատով, այլ էջերով։ Մեկ էջի վրա կողք կողքի տեղադրվում էր մի քանի շարք, և փոստերում անհրաժեշտության դեպքում պարզապես դրանք կտրում-առանձնացնում էին մկրատով։ Դա շատ անհարմար էր, աշխատատար և հաճախ դժգոհությունների տեղիք էր տալիս։ Մի անգամ փոստային աշխատող Հենրի Արչերը կարի մեքենայի օգնությամբ առանց թելի «կարեց» շարքերը՝ կտրելու տեղից։ Առաջացած անցքերի գծով ծալելով՝ նամականիշերը հեշտությամբ կտրվում-առանձնանում էին։ Այդպես ստեղծվեց նամականիշերի համար նախատեսված պերֆորացիոն մեքենան։ Ատամնավոր կտրվածքով նամականիշեր սկսեցին տպագրել 1854 թվականին։

Այդուհետ նամականիշեր սկսեցին ի հայտ գալ աշխարհի տարբեր քաղաքներում՝ Նյու Յորքում (1842թ.), Կանտոնում, Ցյուրիխում, Ժնևում (1843թ.), Կանտոնում, Բազելում (1845թ.) և այլուր։

20-րդ դարի սկզբին նամականիշեր թողարկել էին 310 երկիր (դրանց թվում կային երկրներ, որոնք այլևս գոյություն չունեին), կնիքով ծրարներ՝ 135 երկիր։ Հենց այդ շրջանում էլ սկսեցին քննարկել համաշխարհային փոստային նամականիշեր թողարկելու հարցը, սակայն դա չարվեց այն պարզ պատճառով, որ մի շարք, հատկապես լատինաամերիկյան երկրներում տարադրամն արժեզրկված էր։ 1897 թվականին Վաշինգտոնում կայացած փոստային կոնգրեսում միանման սակագների անցնելու նպատակով որոշում կայացվեց բոլոր երկրներում միևնույն գույներով նամականիշ թողարկելու մասին, որոշվեց նաև արգելել հոբելյանական նամականիշների շրջանառությունը։ Սակայն այս որոշումը չիրագործվեց։

1897 թվականին Վաշինգտոնում կայացած փոստային կոնգրեսում միանման սակագների անցնելու նպատակով որոշում կայացվեց բոլոր երկրներում միևնույն գույներով նամականիշեր թողարկելու մասին, որոշվեց նաև արգելել հոբելյանական նամականիշերի շրջանառությունը։ Սակայն այս որոշումը չիրագործվեց։

Նշենք, որ նամականիշերի խոտանային օրինակներն ավելի թանկ արժեն և շատ պահանջված են հավաքորդների կողմից։ Դրանցից են, օրինակ, «Սիցիլիական գույնի սխալը», «Վարդագույն Մավրիկիան» և «Բադենյան գույնի սխալը»։ Խոտանային ամենահայտնի նամականիշը համարվում է «Շրջված Ջեննին», որը թողարկվել է 1918 թվականին ի նշանավորումն օդային կանոնավոր փոստային փոխադրումների սկզբնավորման։ Այդ ավիանամականիշերը տպագրվեցին հապճեպորեն, ուստի և չկարողացան խուսափել սխալներից։ Բիպլան «Ջեննիի» նկարը տպագրեցին գլխիվայր։ Խոտանը նկատեցին, բայց դարձյալ ինչ-որ մարդկանց շտապողականության հետևանքով այդպիսի 100 «ոչ ճիշտ» նամականիշ հայտնվեց վաճառքում։

Առաջին ավիափոստային նամականիշերի գինը մատչելի չէր՝ 1 հատն արժեր 24 սենթ, այն դեպքում, երբ առաջին կարգի փոստային նամականիշն արժեր ընդամենը 3 սենթ։ 2005 թվականին «Շրջված Ջեննիի» քառյակի (մասնագիտական եզրով՝ քվարտբլոկ) համար հավաքորդը վճարեց 2 միլիոն 970 հազար դոլար։

Ամենաթանկը համարվում է «Սրբազան գրաալ» («Z Grill») խոսուն անունով նամականիշը։ Այն թողարկվել է 1868 թվականին։ Նախապես գինը չէր տարբերվում մյուս նամականիշերի գնից։ Այսօր աշխարհում հաշվվում է այդ նամականիշի ընդամենը երկու օրինակ. այն համարվում է ամենահազվադեպ ու բացառիկ նամականիշը։ Ի դեպ, շատ հասարակ և անշուք տեսք ունի. վրան պատկերված է ԱՄՆ-ի առաջին փոստատան հիմնադիր Բենջամին Ֆրանկլինի կիսադեմը։ Այդ նամականիշի մի օրինակը պահվում է Նյու Յորքի հանրային գրադարանում. այն 1925 թվականին ԱՄՆ-ի բոլոր նամականիշերի հետ միասին նվիրել են գրադարանին։ Իրապես արքայական այդ նվիրատվությունը կատարել է ֆիլատելիստ Բենջամին Միլլերը։ 2005 թվականին այդպիսի նամականիշն է փոխանակվել «Շրջված Ջեննիի» քառյակի (մասնագիտական եզրով՝ քվարտբլոկ) հետ, որը գնահատված էր 2 միլիոն 970 հազար դոլար։

«Սրբազան գրաալ» նամականիշը պատրաստվել է այսպես կոչված վաֆլիացման եղանակով (այդ դեպքում թուղթը սեղմում են հատուկ մամլիչ սարքով, որը կողային հատվածում ունի փոքրիկ ելուստներ)։ Սեղմման պրոցեսի ժամանակ ավելացնում էին անգույն ներկեր, որոնք թույլ չէր տալիս, որ դրոշմակային թանաքը մաքրվեր։ Այսինքն՝ նամականիշի կրկնակի օգտագործումը դառնում էր անհնարին։

Անկախ թողարկող երկրից՝ նամականիշի վրա թողարկող երկրի անվանումը նշվում է լատինատառ։ Իսկ եթե դա այդպես չէ, նշանակում է, որ դա անգլիական նամականիշ է։ Այսօր Մեծ Բրիտանիան, որպես առաջինը նամականիշը օգտագործող երկիր, ազատված է իր անվանումը նշելու պարտավորությունից։