Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-19 08:39
ԿԱՊԻԿԸ՝ ՍԵԼՖԻԻ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԵՂԻՆԱԿ
Ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող, 20-ամյա մալայզիացին պատմել է, որ ինքն արթնացել է կիրակի առավոտյան ժամը 11-ին և չի կարողացել գտնել իր հեռախոսը:

«Կողոպուտի կամ գողության հետքեր չկային, ուստի մտածեցի, որ ինչ-որ սատանայություն է տեղի ունեցել»,- BBC-ին ասել է հեռախոսի տերը՝ Ռոջին: Նա գաղափար անգամ չի ունեցել, թե ուր կարող էր կորչել իր հեռախոսը։  Օրվա երկրորդ կեսին Ռոջիի հայրը տան մոտերքում կապիկ է նկատել: Տղան, լսելով լուրը, անմիջապես այլ հեռախոսով հավաքել է իր համարը և լսել հեռախոսի զանգը ջունգլիներից, որոնք իրենց տնամերձ այգու շարունակությունն են։ Նա գնացել է ձայնի ուղղությամբ և արմավենու տակ՝ տերևների վրա, հայտնաբերել ցեխի մեջ կորած իր հեռախոսը:

Հորեղբայրը Ռոջիին կատակով խորհուրդ է տվել ստուգել լուսանկարները՝ «շատ հնարավոր է՝ այդ խարդախն ինքն իրեն լուսանկարած լինի»: Ռոջին, իրոք, հեռախոսում հայտնաբերել է ոչ միայն կապիկի բազմաթիվ ինքնանկարները, այլև՝ տեսանյութ:

Տեսանյութում լսվում է վայրի թռչունների երգը, իսկ կապիկը կանաչ սաղարթի միջից նայում է սարքի տեսախցիկին: Հեռախոսում եղել են նաև այլ կապիկների նկարներ և ջունգլիների տեսարաններ:

Մալայզիացին կասկածում է, որ կապիկը տուն է մտել եղբոր ննջասենյակի բաց պատուհանից։ Զարմանալին այն է, որ, ի տարբերություն այլ բնակավայրերի հարևանությամբ ապրող կապիկների, այստեղ կենդանիները նախկինում երբեք գողություն անելիս չեն բռնվել։ «Դա, հավանաբար, տեղի է ունենում դարը մեկ անգամ»,- գրել է Ռոջին իր Twitter-ում:

Կապիկների սելֆին նորություն չէ։ Ինդոնեզիայի ջունգլիներում 2011 թվականին Նարուտո անունով մակակը, վերցնելով բրիտանացի լուսանկարիչ Դեյվիդ Սլեյթերի լուսանկարչական սարքը, մի քանի անգամ նկարել էր ինքն իրեն: Բանը հասավ նրան, որ PETA-ն (People For The Ethical Treating With Animals) հայց ներկայացրեց ամերիկյան դատարան՝ պահանջելով լուսանկարի հեղինակ ճանաչել կապիկին, և լուսանկարն օգտագործելու դեպքում նրան տալ պարգևատրման իրավունք, քանի որ հենց Նարուտոն էր սեղմել սարքի կոճակը: