Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-17 12:16
ՎԵՆԵՏԻԿԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ
Համավարակի պատճառով այս տարի բազմաթիվ մարզական ու մշակութային միջոցառումներ չկայացան ու հետաձգվեցին։

Մինչդեռ կինոաշխարհի եվրոպական հեղինակավոր փառատոներից մեկը՝ Վենետիկի կինոփառատոնը, որը մի քանի ամիս շարունակ չեղարկվելու եզրին էր, ի վերջո կայացավ։ Ճիշտ է, հանրահայտ ռեժիսորներից ոմանք զգուշացել էին իրենց նոր ֆիլմերը ներկայացնելուց ու դրանց պրեմիերային ներկա գտնվելուց, այնուամենայնիվ մարդիկ կարողացան վայելել լավ կինո դիտելու հաճույքը։

Ավանդաբար փառատոնը անց է կացվում Լիդո կղզում։ Վենետիկ-77-ը ավանդույթը չխախտեց։ Սեպտեմբերի 2-12-ը կղզում գրեթե ռազմական իրադրություն էր տիրում։ Չնայած հիանալի եղանակին ու ծովի մոտիկությանը՝ փառատոնի մասնակիցները պետք է անպայման դիմակ կրեին։ Արգելված էր նկարահանել ցուցադրությունների ժամանակ։ Ամեն սեանսի համար տոմսերը ամրագրում էին նախապես՝ երեք օր առաջ, ընդսմին՝ դահլիճում պետք էր զբաղեցնել բացառապես նշված տեղը. բոլոր տվյալները գրանցվում էին, որպեսզի հիվանդության դեպք հայտնաբերվելիս տվյալ անձի հետ մեկուսացվեին նաև նրան մոտ նստածները։

Այսպիսի մթնոլորտում սրահը յուրաքանչյուր տաղանդավոր կամ անսովոր ֆիլմի արձագանքում էր բուռն կերպով, որպես հաղթանակ առտառոց հանգամանքների հանդեպ։ Սակայն ժյուրին Քեյթ Բլանշետի գլխավորությամբ ամեն ինչ իր տեղը դրեց. ընտրեց իսկապես լավագույն ֆիլմերը, ընդ որում, սրանց հեղինակները երիտասարդ և ոչ այնքան հայտնի ռեժիսորներ են։ Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», բաժին հասավ ամերիկաբնակ չինուհի Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմին։ Այս պոետիկ, ազնիվ, փաստագրորեն ճշմարիտ ու կենդանի ժապավենը ոչ այնքան նոր տաղանդի (Չժաոյի նախորդ երկու ֆիլմերը ևս գովասանքների են արժանացել), որքան հոլիվուդյան պաթոսից խորշող անկախ կինոյի նոր լեզվի ազդարարում է։ «Արծաթե առյուծը» շնորհվեց ճապոնացի ռեժիսոր Կիտոսի Կուրոսավայի «Լրտես կինը» պատմաքաղաքական ֆիլմին։ Գրան պրին շնորհվեց մեքսիկացի ռեժիսոր Միշել Ֆրանկոյի «Նոր կարգ» հակաուտոպիային։ Ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Թանկագին ընկերներ» ֆիլմը, որը պատմում է 1962թ. Նովոչերկասկում տեղի ունեցած արյունալի սպանդի մասին, արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին։

Դերասանական մրցանակները՝ «Վոլպիի գավաթները», բաժին հասան իտալացի Պիեռֆրանչեսկո Ֆավինոյին («Մեր հայրը») և բրիտանուհի Վանեսա Կիրբիին («Կնոջ ֆրագմենտներ»)։ Մարչելլո Մաստրոյաննիի մրցանակը՝ «Լավագույն երիտասարդ դերասան», հանձնվեց իրանցի ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի «Արևի զավակները» լավատեսական ֆիլմում թեհրանցի անապաստան հերոսին մարմնավորած Ռուխոլա Զամանիին։