Նյութը՝ Անահիտ Ավագյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-20 13:24
1991 ԹՎԱԿԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21 «ԱՅՈ՛» ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ ՀՀ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ
Անկախությունն ինքնին մեծ ձեռքբերում է:

Բայց անխուսափելի էր նաև այն, որ Անկախություն ձեռք բերելուց հետո պիտի լինեին դժվարություններ: Անկախության գործընթացը վերափոխեց հասարակական գիտակցությունը։ Մեր ժողովուրդը մի բռունցք դարձած պայքարում էր հանուն Արցախի, և երբ մեր երկրի գլխին, անվտանգության առումով, մեծ վտանգ կախվեց. ֆիդայական շարժումը շատ արագ դարձավ կանոնավոր բանակի ձևավորման հիմք, մենք կարողացանք հաղթել այդ պատերազմում: Ինչ վերաբերում է երկրի ներքին քաղաքականությանը, ապա այստեղ լուրջ դժվարությունների բախվեցինք. իշխանության եկած մարդկանց մեծ մասը քաղաքական կառավարման  փորձ չուներ: Այն, ինչ կատարվեց երկրի ներսում, աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Կարճ ժամանակում կորցրինք մեր գիտական մեծ ներուժը, որը կուտակվել էր խորհրդային տարիներին, հատկապես 1960-70-ական թվականներին,  կորցրինք նաև մեր արդյունաբերական կարողությունները, որոնք կարելի էր որոշ չափով և՛ պահպանել, և՛ զարգացնել: Գյուղատնտեսությունը լրիվ կործանվեց, որովհետև մի հասարակարգից անցանք մեկ այլ հասարակարգի: Այս խնդիրները հանգեցրին մի շատ ծանր երևույթի՝ արտագաղթի: Այդ տարիներին Հայաստանի Հանրապետությունից հեռացավ ավելի քան 500 հազար մարդ, մինչդեռ նրանք մեծ ներդրում կարող էին ունենալ անկախ պետության կառուցման գործում: Հետագայում օլիգարխական համակարգի միջոցով ինչ-որ բան «ուղղվեց», բայց չակերտավոր, որովհետև հասարակությունը խիստ բևեռացվեց, խախտվեց սոցիալական  արդարության սկզբունքը:

Եվ ահա եկել-հասել ենք այսօրվան: Նոր իշխանությունը կարծես թե վճռական է ժառանգություն ստացած դժվարությունները հաղթահարելու հարցում, բայց, ցավոք,  պատկերը գրեթե չի փոխվում։ Հասարակության մեջ չկա այն միասնությունը, որն անհրաժեշտ է երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա դնելու համար։ Մենք չկարողացանք այս ընթացքում միավորել համահայկական ներուժը, դարձնել այն իրական գործոնը, որը կարող էր մեզ վերածել գլոբալ ազգի (իսկ մենք այդպիսին ենք մեր պատմության բերումով): Այսօր մենք պետք է կարղանանք ձևավորել հայեցակարգային մոտեցումներ այն հարցերի շուրջը, որոնք մարտահրավերներ են մեր պետության համար և առնչվում են մեր անվտանգությանը։ Դեռևս վերջնական լուծում չի ստացել Արցախի հիմնահարցը: Մենք պետք է մեր դաշնակից երկրների հետ իսկապես  այնպիսի ամուր կապեր հաստատենք, որոնք կդառնան արժանապատիվ հարաբերությունների հիմք, որով մենք կկարողանանք ապահվել մեր ազգային պետական անվտանգությունը:

Ինչ վերաբերում է ավելի հեռու ապագային և այն կերտելու գործում  ներկայիս երիտասարդ սերնդի դերին, ապա շատ լավ է, որ այս սերունդը խորհրդային պետությունը չի տեսել։ Այսօր սահմանները բաց են, և շատերը կարող են դրսում կրթություն ստանալ, վերադառնալ ու ծառայել մեր հայրենիքին: Այստեղ մեծ դեր է վերապահված պետությանը: Պետությունը պետք է այնպիսի գրավիչ վիճակ ստեղծի երիտասարդի համար, որ նա ձգտի վերադառնալ հայրենիք և այստեղ աշխատելով՝ նպաստել մեր երկրի զարգացմանը։ Այդ հեռանկարը պետք է ստեղծեն նաև իրենք՝ երիտասարդները: Նրանք պետք է այնպիսի իշխանություն ձևավորեն, որն ընդունելի լինի իրենց հեռանկարի համար: Երիտասարդնե՛րը պետք է մշակեն ու իրականացնեն այն ծրագրերը, որոնք անհրաժեշտ են իրենց ու մեր երկրին: Ուզեն, թե չուզեն, նրանք պետք է քաղաքական պայքար մղեն, պետք է դառնան երկրի կառավարիչներ: Սրանով է պայմանավորված  մեր երկրի ապագան:

Շատ կարևոր հանգամանք է, որ երիտասարդությունը հարազատ մնա մեր ազգային նկարագրին։ Ես համոզված եմ՝ հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովուրդը հավերժ է (ճիշտ է, ինչ-որ ժամանակ մենք կորցրել ենք մեր պետականությունը,  բայց կարողացել ենք դիմակայել՝ նաև Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ), մենք կարողացել ենք հաղթահարել մեզ բաժին հասած բոլոր դժվարությունները,  հասել ենք այսօրվան՝ 21-րդ դարին, և պիտի շարունակենք մեր երթը։