Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-20 16:13
«ՀԱՅ ԵՐԳԸ ԴԱՐԵՐԻՑ» ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱԿՈՒՆՔԵՐԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհի միջոցով իրականացվում է «Հայ երգը դարերից» ծրագիրը:

Ընդհանուր 3 մլն 600 հազար դրամ արժողությամբ ծրագիրը ներառում է կրթական մեծ բաղադրիչ, որի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության  իրական ակունքերը: Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 5 ֆիլմ՝ «19-րդ դարի Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցը», «Շիրակյան ժողովրդական երգերը», «Ազգայինը՝ դասականում և դասականը՝ ազգայինում», «Անդրկովկասի մշակութային կենտրոնները»:  Եվս մեկ հաղորդում նվիրված է լինելու Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի պատմությանը:  Ծրագիրն իրականացվում է Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի կողմից:

Արդեն պատրաստ է առաջին՝ «19-րդ դարի Ալեքսադրապոլի աշուղական դպրոցը» հաղորդումր: Այն ոչ միայն լավ տեսանյութ կհանդիսանա կոնսերվատորիայի ուսանողների, այլ նաև ավելի լայն շրջանակի համար, կտարածվի նաև երաժշտական ու հանրակրթական դպրոցների  աշակերտների շրջանում:  «Ծրագիրը մշակեցինք  արտակարգ իրավիճակի ընթացքում  ու շահեցինք նախարարության դրամաշնորհը, որի շրջանակներում 5 հաղորդում է նկարահանվելու: Յուրաքանչյուր հաղորդման մեջ խոսելու են արվեստագետներ, երաժշտագետներ: Ֆիլմերում լինելու են նաև ստեղծագործություններ՝ հատուկ այս ծրագրի շրջանակներում արված ձայնագրություններ»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավար,  Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի դիրիժոր ու մենակատար Կարեն Մայիլյանը՝  կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականցումը որպես  ազգային մշակույթը պահպանելու հնարավորություն: «Հայաստանում այսօր, օրինակ, քահամանչահար  երիտասարդներ չունենք, պետք է այնպես անել, որ իրական ազգային մշակույթը՝ այդ թվում նաև նվագարանները, չկորչեն, իսկ դրա համար պետք է ազգայինն ավելի շատ պրոպագանդենք»,- հավելեց Կարեն Մայիլյանը:

«Հաղորդման ձևաչափը նրանով է հետաքրքիր, որ շատ հանրամատչելի է ու ներկայացնում է մշակութային այս շերտի խորքերը: Ունի ուսուցողական ու ճանաչողական բնույթ ու մեր ժառանգության հանրահռչակման կարևոր նպատակ: Պետք է բոլոր հարթակներով խոսենք, որ իրական մշակույթը հետ բերենք ու ներկայացնենք մեր սերունդներին: Կարևորը վատորակ, սիրողական ու խառնածին մակարդակից հրաժարվելն ու արժեքները գրագետ ու ճիշտ պահելն է։ Շատ ուրախ եմ, որ այս դրամաշնորհը հենց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից է իրականացվում»,- նշում է ծրագրի մասնագիտական խորհրդատու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը:

Ծրագիրը նախատեսված է ավարտել դեկտեմբերին: