Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-24 17:45
«ՎԵՐԵԼՔ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Վերելք» ներկայացման ողջ հասույթը կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Առաջնախաղերը Գյումրիում տեղի են ունենում հոկտեմբերի 23-ին և 24-ին: Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը տասնհինգ տարի անց վերաբեմադրել է «Վերելք» ներկայացումը՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնում այդ թատրոնի ստեղծագործական կազմի հետ:

«Երբ սկսվեց պատերազմը, որոշեցինք դադարեցնել փորձերը, բայց  հետո հասկացանք, որ ոչ միայն պետք է շարունակենք, այլև պետք է անենք նաև սուժետային փոփոխություն ու պետք է անպայման խաղանք՝ ունենալով մի քանի նպատակ՝ ցույց տալ, որ այս ազգը պետք է անպայման ապրի ու ավելի հզոր լինի, իսկ մյուսը՝ հասույթը ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մեր բանակին»,- լրագրողների հետ ունեցած ասուլիսում նշեց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

«Շատ դժվար է այս պահին բեմադրել և խաղալ: Դերասաններն ու թատերախումբն ունեն արդեն զոհվածներ, ունենք զորակոչիկներ: Ամեն մի անհրաժեշտ պահի պատրաստ ենք դադարեցնել ներկայացումն ու գնալ ճակատ, բայց հիմա մենք պարտավոր ենք ամուր թիկունք լինել մեր բանակի համար՝ ամուր ֆիզիկապես եւ հոգեպես: Եվ այս դժվար ու ծանր օրերին, կատարելով մեր հայրենասիրական ու քաղաքացիական պարտքը՝ մեր բանակի հանդեպ ամուր թիկունք կանգնելու համար Գյումրու պետական թատրոնի հետ որոշեցի աշխատել նաեւ ստեղծագործական ճակատում»,-լրագրողների հետ ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Վարդան Պետրոսյանը ։

Խոսելով «Վերելք» ներկայացման բովանդակության մասին՝ հեղինակը  հիշեցնում է Հայոց ցեղասպանության, Կոմիտասի հանճարի, հայ ժողովրդի տառապանքի, հերոսական անցյալի եւ այսօրվա հերոսությունների մասին:

Ներկայացումը բեմադրվել եւ առաջին անգամ խաղացվել է 2005 թվականին Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում: «Վերելքը» ներկայացվելու է նաև Երևանում: 

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: