Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-24 17:46
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆԱԾ ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ) Արցախի երեխաների համար:

Ծրագրի նպատակն է ակտիվացնել Արցախի քաղաքացիներին և նպաստել առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպմանը: Մասնակիցները կունենան գաղափարի ձևակերպումից մինչև բիզնես ծրագրի կազմման և իրականացման փուլերով անցնելու հնարավորություն, կստանան ոլորտի առաջատար փորձագետների և մենթորների խորհրդատվություն:

Առաջին դասընթացը տեղի կունենա առցանց ձևաչափով՝ Zoom հարթակում, նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Դասընթացը ներառում է շաբաթական 2 տեսական և 1 պրակտիկ դաս: Դասընթացի ավարտին լավագույն ձեռնարկատիրական գաղափարը կֆինանսավորվի, մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է։ Մասնակցությունը հնարավոր է միայն ԱՀ անձնագրով: