Նյութը՝ Մերի Աղաջանյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-10-30 18:59
ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՒՅՆ ՊԱԿԱՍԵՑ
Մնջախաղաց Հովհաննես Հաջինյանի՝ Արցախի սահմանները պաշտպանելիս զոհվելու մասին լուրը միանգամից տարածվեց սոցցանցերում։

Մտերիմները, գործընկերները, նրա ներկայացումները բազմիցս դիտած մարդիկ ու պարզապես մի կամ երկու անգամ նրան փողոցում պատահաբար տեսածները չէին հավատում, որ իրենց այդքան դրական հույզեր ու ապրումներ պարգևած այս յուրօրինակ արտիստը այդպիսի վիշտ կպատճառի իրենց։ Մտերիմները նրա մասին չեն ուզում անցյալով խոսել։ Դրական պահերն են հիշում, որ ցավը գոնե մի քիչ մեղմանա։

Պատմում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը.

-Հովհաննեսը այն բացառիկ արտիստներից էր, որ ծնվել էր այս ժանրի համար: Նա իր ամբողջ էությամբ միմ էր, իսկական մնջախաղաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում երբևէ ոչ էլ փորձեց որևէ այլ բանով զբաղվել: Ինչպես միմ ծնվել էր, այդպես էլ մնաց մինչև կյանքի վերջը: Նա նույնիսկ կյանքում էր այդպիսին: Նույնիսկ փողոցում ինչ-որ բան տեղում հորինում էր ու անում։ Նրա համար կարևոր չէր՝ տվյալ միջավայրում ճանաչո՞ւմ են իրեն, կամ ինքը ճանաչո՞ւմ է որևէ մեկին. նա միանգամից այդ միջավայրը փոխում էր, դարձնում ավելի լուսավոր ու տրամադրող։

Քանի որ վերջին մեկուկես տարվա ընթացքում նա մասնակցում էր տարբեր միջոցառումների և շոու ծրագրերի, ինձ խնդրել էր որոշ ժամանակով թատրոն չգալ։ Համենայն դեպս, նա լուրջ արտիստ էր, և ես նրան համարում եմ մեր արտիստը։ Նա մերն էր՝ որտեղ էլ լիներ։ Մերն է մնալու։

Իսկապես արտիստ էր։ Եվ ուզում եմ կրկնել, որ այդպիսին ծնվել էր. ո՛չ ինձ մոտ էր սովորել այդ արվեստը, ո՛չ մեր թատրոնում։ Ես ինքս էի նրան խնդրել, որ գա մեր թատրոն և ընդգրկվի ներկայացումներում, որովհետև այդպիսի բացառիկ երևույթներ հաճախ չեն հանդիպում։ Բնածին էր նրա տաղանդը։

Նա բաց ներվով էր ապրում, կարծես պաշտպանական շերտ չունենար։ Բոլորի նկատմամբ այնքան դրական վերաբերմունք ուներ, թեպետ (ինքն է ինձ պատմել) իր հանդեպ շատերն էին վատ վարվել, նույնիսկ՝ մտերիմ մարդիկ։

Բոլորովին զարմանալի չէ, որ նա պետք է գնար, որ պետք է լիներ ամենաթեժ կետերում։ Նա խաղ էր անում նաև այդ իրավիճակի հետ։ Ինձ թվում է, որ լուսավոր ու բարի մարդիկ շատ ուժեղ են։ Թույլ են չար մարդիկ, դավադիրները։ Թույլ են, բայց փորձում են ուժեղ ձևանալ։ Հովոն իր անպաշտպան վիճակով ապացուցեց, որ ուժեղները լուսավոր, բարի մարդիկ են՝ ամենաուժեղ, անվախ ու քաջ մարդիկ։

Հովոն այն բացառիկ կերպարն էր, ում հեռանալով քաղաքում գույն պակասեց...

Ֆեյսբուքում Հովհաննես Հաջինյանի մասին հիշողություններ գրեցին մյուս գործընկերները։ Ահա Նազենի Հովհաննիսյանի գրառումը.

«...Պատերազմի դեմքը փոփոխական է. իրենը չունի, անընդհատ մեր սիրելի, մեր հարազատ ու ծանոթ մարդկանց դեմքն է խլում...

Հովոյին, վստահ եմ, տեսել եք շատերդ. իր՝ միմի սպիտակ դիմակով, ժպիտով ու ժպտացնող: Երբեք չեմ լսել «օֆ» անի, բողոքի կամ տրտնջա` ֆինանսի չլինելուց, նկարահանման ուշ ժամից կամ բոլոր գոյություն ունեցող իրական խնդիրներից: Հովոն ուժեղ տղա էր բառիս բոլոր իմաստներով: Ուժեղ և ինչքան ուժ ուներ` համեստ... ընդամենը մի տարով էր մեծ ինձնից. նրա տեղը կարող էի լինել ես...

Տղերք, ձեզ շատ եմ խնդրում, ԿՅԱՆՔՈՎ ՀԵՏ ԵԿԵՔ, մահով չէ, այլ ԿՅԱՆՔՈՎ մնացեք մեր պատմության մեջ, մեռնեմ ձեր սրտին, Հերոս եք ուղն ու ծուծով, ձեր ամեն ապրած վայրկյանով հերոս եք, մեզ օդի ու ջրի պես դուք եք պետք` մենակ հետ եկեք...

Հա, ճիշտ է, Հայաստանը չունի նավթի ու գազի անոթներ, որոնցով անընդհատ պատերազմներ հրահրի ԽԱՂԱՂ բնակիչների դեմ` ինչպես անում են Թուրքիան և Ադրբեջանը, որ հա գարշեղություն տարածեն, բայց ունի մինչև հավերժություն ձգվող ու ԿՅԱՆՔՈՎ լցված Երակներ։ էդ երակների մեջ էնքան Սեր, էնքան ուժ ու համերաշխություն ենք լցնելու, որ ԱՐՏԱՀԱՆԵՆՔ էս գրողի տարած խելագար աշխարհը, որ ԲՈՒԺՎԻ... էն աշխարհը, որտեղ բոլորը միմ են դարձել, իսկ ՄԻՄը` Հերոս...

Հով ջան, ընկեր ջան... կներես... կներես, որ ժամանակին քեզ լիքը մարդ էդպես էլ չճանաչեց որպես տաղանդավորագույն Մնջաղախացի, որպես սովորական Երկրի արտասովոր Մարդու... որի մեջ կյանքն էնքան շատ էր, որ մեզ էլ բաժին հանեց ...

Շնորհակալ եմ:

Փառավոր հերոսներին՝ մեր խոնարհումը և Հայրենիքը սիրով, ծնունդով ու կյանքով զարգացնելու երդումը...

Հովհաննես Հաջինյանը ծնվեց, ապրեց շատ համեստ, բեմում ճախրեց, հերոսացավ: Հավերժ փառք... »։

Սա էլ Արման Նավասարդյանի գրառումն է.

«Հովհաննես Հաջինյան...

Հասցրել էր սիրվել ծառայակից ընկերների կողմից: Մականուն ուներ` Վիսյոլ: Բոլորի ժպիտն ապահովում էր: Մի օր ասաց. «Գիտե՞ս, փոքր աղջիկս ինձնից խռովել ա, զանգում եմ հետս չի խոսում: Քնելիս միշտ ինձ գրկում էր, հիմա առանց ինձ չի կարողանում: Նեղացել ա»: Հով ջան, մեզ էլ նեղացրիր: Ինձ կհասկանաս, կներես բացակայությունս: Իմ անունից փափուկ «Նոյդ» կտան քեզ:

Պատիվ ունեմ... »։

Մարտական ընկերներից մեկը՝ Հենրիկ Ղարսայանն էլ գրեց.

«2 շաբաթ առաջ պալիգոնում էինք, տանկ տեսավ ու վազելով գնաց տանկի գաղտնի լյուկով մտավ ներս, հելավ ու ասեց՝ տղերք լրիվ կա ներսում, քաղցրեղեն էլ (քաղցրը նկատի ուներ՝սնարյադները)։

Հավերժ փառք, ՀԵՐՈՍ... »։