Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-05 18:23
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԴՆԵԼ ՄԱՐԶԱՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՐԳԸ
Հայաստանի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների վերանայման շրջանակում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մինչև ռազմական դրությունը մենք արդեն նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, դրանցից մեկը նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներն են: Ինտենսիվ քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական բուհերի, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Դրա հիման վրա զգալի վերանայել ենք չափորոշիչները: Ամբողջությամբ հաշվի ենք առնում եղած բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ունենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության հարցն է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցանումը դպրոցներում պետք  էապես բարձրացվի:

«Չափորոշիչների վերանայման հետ միաժամանակ նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, այսինքն՝ գործնական բաղադրիչը: Դա թույլ կտա, որ ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես բարելավենք պրակտիկ հմտությունները: Ուզում եմ շեշտել, որ խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ  քաղաքացիական պաշտպանության կարևոր գիտելիքների հմտությունների մասին է: Մեծ անելիք կա այդ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա: