Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-17 16:39
ԻԶԱԲԵԼ ՄԱՐԱՆ
Ֆրանսիացի դիզայներ Իզաբել Մարանը ծնվել է 1967թ. ապրիլի 12-ին Փարիզի արևմտյան արվարձան Բուլոն Բիյանկուր կոմունայում, գերմանուհու և ֆրանսիացու ընտանիքում։

Նրա մանկական հիշողությունները չի կարելի անամպ անվանել. ծնողները բաժանվել էին, երբ նա դեռ շատ փոքր էր. մայրը լքեց ընտանիքը և Իզաբելը նկարիչ հոր խնամակալության տակ մնաց։

Դիզայների մասնագիտության մասին Իզաբելը երազել էր մանուկ հասա-կից։ 15 տարեկանում նա արդեն փող էր աշխատում հին հագուստները ձևափոխել-նորոգելով։

1985-1987թթ. Իզաբելը փարիզյան Բերկոտ ստուդիայում դիզայն սովորեց։ Ուսումն ավարտելուց հետո սկսեց աշխատել Մայքլ Քլայնի հետ, Բրիջիտ Յորքի ասիստենտն էր Yorke & Cole-ում, մասնակցեց ապրանքանիշի երկու հավաքածուի ստեղծմանը։ Մարանը համագործակցեց նաև այնպիսի հայտնի մոդելագործների հետ, ինչպիսիք են Յոշի Յամամոտոն, Chloe-ը և Մարտին Սիթբոն։

Արդեն1989թ. թողարկվում է Մարանի աքսեսուարի շարքը, որը մեծ տարածում գտավ։ 1990-ին Իզաբել Մարանը հիմնում է իր ապրանքանիշը՝ Twen-ը, որը թողարկում է հիմնականում հյուսածո հագուստներ։ Չորս տարի անց նա արդեն Isabel Marant ապրանքանիշի ներքո հավաքածուներ էր ցուցադրում, ապրանքանիշը շուտով բավական հայտնի դարձավ։

1997թ. դեկտեմբերին Մարանն արժանանում է Howard de la mode մրցանակի որպես տարվա լավագույն դիզայներ, մեկ տարի անց՝ Whirlpool մրցանակի կանանց հագուստի շարքի համար։ Շուտով նա բացում է իր ֆիրմային Isabel Marant խանութը։

2000թ. մարտին Մարանը ներկայացնում է Etoile երիտասարդական դեբյուտային շարքը, իսկ երկու տարի անց սկսում է համագործակցել ներքնազգեստների ֆրանսիական DIM ապրանքանիշի հետ և թողարկում է Beautiful People շարքը։

Իզաբելի ամուսինը կանանց նորաձև պայուսակների դիզայներ Ջերոմ Դրեյֆուսն է։ Նա միշտ սատարել է կնոջը, իսկ 2010-ին Նյու Յորքում միաժամանակ բացեց սեփական խանութն ու Isabel Marant խանութը։

2003-ին Մարանը մայրացավ։ Նոր զգացողություններով ոգեշնչված՝ արդեն մեկ տարի անց թողարկեց հատուկ նորաձև հագուստների հավաքածու ամենափոքրերի համար։

Բոհեմիկ ու ինքնատիպ Isabel Marant ոճը մշտապես ճանաչելի է, նրա ձեռագիրը հստակ երևում է ոչ միայն գեղեցիկ, շքեղ, մոդելներում, այլև խոշոր հյուսվածքի աչքի ընկնող սվիտերներում, «թանաքաբծեր» հիշեցնող պուտերով տոպերում, անսովոր դաջանախշերով կապրի տաբատներում։

2012թ. թողարկվում է Isabel Marant ապրանքանիշի հարմարավետ և ոճային կրոսովկաների շարքը։ Դրանց տարբերակիչ առանձնահատկությունը չերևացող տանկետկան է, որ արտաքուստ բարձրահասակ է դարձնում։

Ապրանքանիշի թավշակաշվից՝ զամշից ու կաշվից պատրաստված կանանց ինքնատիպ սնիքերները համակացում են դասական և սպորտային ոճերը։ Դրանք հիմնականում աչք չծակող, մեղմ գույների են, առանձնապես գեղեցիկ համադրություն են ստեղծում զգեստների ու տունիկաների հետ։

2018թ. Իզաբել Մարանը L’Oreal Paris-ի հետ համագործակցությամբ ստեղծեց գեղամիջոցների իր առաջին հավաքածուն։

Դիզայների աշնանային-ձմեռային հավաքածուներում ներկայացված էին ծավալուն թևքերով ու ուսերով զգեստներ, ծալազարդումներով փեշեր, ինչպես նաև լայն ուսերով ու միտումնավոր ընդգծված նեղ գոտկատեղով վերարկուներ։

Իր ոճային նախապատվությունների մասին Իզաբել Մարանը ասում է. «Ես որոշակի ոճային սրբապատկերներ չունեմ։ Բայց կան կանայք, որոնք հիացնում են իրենց անհավատալիորեն ոճային գոյությամբ, օրինակ՝ Ֆրիդա Կալոն և Դիանա Վրիլանդը։ Երկուսն էլ անկրկնելի ձգողականությամբ են օժտված»։

Այսօր Isabel Marant ապրանքանիշը հայտնի է ամբողջ աշխարհում, Ամերիկայից մինչև Չինաստան։ Հայտնիներից շատերն են նախապատվությունը տալիս այս ապրանքանիշին, նրանց թվում հոլիվուդյան դերասանուհիներ Քրիսթեն Դանսթը, Քեմերոն Դիազը, Ռեյչլ Բիլսոնը...