Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-17 16:43
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԹԵՐՄՈՍ
Թերմոսը կենցաղային անոթ է, որը սննդամթերքի կամ հեղուկի ջերմաստիճանը մինչև 24 ժամ պահում է անփոփոխ։

Այն համարվում է Դյուարի ջերմամեկուսիչ անոթի տարատեսակներից։ Շոտլանդացի ֆիզիկոս և քիմիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Ջեյմս Դյուարը իր հայտնագործությունը կատարել էր 1892 թվականին։ Դյուարի անոթը կրկնակի պատերով ջերմամեկուսիչ տարա է։ Դրա պարունակության և շրջապատի միջև ջերմամեկուսացումն իրականացվում է անոթի կրկնակի պատերի միջև վակուում ստեղծելով։ Ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով անոթը մետաղապատում են (ավելի հաճախ արծաթապատում են)։ Դյուարի անոթը պատրաստում են բարձրորակ ապակուց։ Կիրառում են հեշտ ցնդող հեղուկացված գազեր (ազոտ, թթվածին, օդ) տեղափոխելու և պահելու համար։

1903-ին ապակե իրերի գործարանատեր բեռլինցի Ռայնոլդ Բուրգերը կատարելագործեց ջերմամեկուսիչ անոթը և այն ավելի հարմարավետ ու գործածական դարձնելու նպատակով ավելացրեց մետաղական իրան, խցան և փական-բաժակ։ Նա մշակեց նաև դյուրաբեկ կոլբան մետաղական իրանի ներսում ապահով և անվնաս պահելու համակարգը։ Հայտնագործությունն արտոնագրելու համար Ռայնոլդ Բուրգերը 1903 թվականի սեպտեմբերի 30-ին հայտ ներկայացրեց և ստացավ գերմանական DE170057 արտոնագիրը։

Նույն թվականին մրցույթ հայտարարվեց այդ հայտնագործության լավագույն անվանման համար։ Հաղթող ճանաչվեց Մյունխենի բնակիչներից մեկը, որը առաջարկել էր Thermos անվանումը (հունարեն՝ therme՝ տաք) բառից։ Բուրգերը հիմնադրեց Thermos Gesellschaft m.b.H. (Thermos GmbH) ընկերությունը, որը զբաղվում էր թերմոսների արտադրությամբ, և 1904 թվականի մարտից այդ առևտրային ապրանքանիշը սկսեցին օգտագործել առևտրային նպատակով։

Դյուարի անոթներն արտոնագրված չեն եղել, քանի որ Ջեյմս Դյուարին թվացել է, որ դրանք հաջողություն չեն ունենա։ Տեսնելով Բուրգերի հաջողությունը՝ նա դատի է տալիս վերջինիս՝ իր ոտնահարված հեղինակային իրավունքի դիմաց փոխհատուցում ստանալու համար, սակայն դատարանը չի բավարարում նրա հայցը։

1906թ. հոկտեմբերի 23-ին Ռայնոլդ Բուրգերը հայտ է ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտոնագրային կազմակերպություն, իսկ 1907թ. դեկտեմբերի 3-ին ստանում է ԱՄՆ-ի U.S.Patent 872 795 արտոնագիրը թերմոսի համար։ Այն ներկայացված էր որպես «կրկնակի ապակիներով անոթ, որոնց միջև վակուումային տարածություն կա»։ Որպես թերմոսի հայտնագործող արտոնագրում նշված էր Ռայնոլդ Բուրգերի անունը, և ոչ մի տող Ջեյմս Դյուարի մասին։ Այդ արտոնագրի իրավահաջորդն է ճանաչվում American Thermos Bottle Company-ին։ Նույն 1907 թվականին թերմոս արտադրելու իրավունքը վաճառվեցին ևս երկու ընկերությունների՝ կանադական Canadian Thermos Bottle Company-ին և բրիտանական Thermos Limited-ին։

Ներկայումս այդ արտոնագրի ժամկետը լրացել է։ Թերմոս արտադրելու իրավունքն այժմ պատկանում է չինական Thermos L.L.C. ընկերությանը, որը թերմոսներ է արտադրում այդ ապրանքանշանով։