Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-20 20:25
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ՇՐԹՆԵՐԿ
Ժամանակակից կնոջն անհնար է պատկերացնել առանց գեղամիջոցների, առավել ևս՝ առանց շրթներկի։

Միասին ուսումնասիրենք այդ իրի պատմությունը։

Շրթներկը (լատիներեն՝ pomum, ֆրանսերեն՝ pommade, իտալերեն՝ pomata. բոլորի հիմքում «խնձոր» բառն է) գեղամիջոց է շրթունքները ներկելու, պաշտպանելու կամ խոնավացնելու համար։

Մարդիկ հնագույն ժամանակներից ի վեր ձգտում էին տարբեր գույներով ներկել իրենց մարմինների այս կամ այն մասը: Հնուց ի վեր մարդիկ իրենց ներկել-գունավորելու համար օգտագործում էին ճարպը, որին խառնում էին որևէ գունանյութ, բնական ներկ։ Տարբեր հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գունավոր հեղուկների մնացորդներ, որոնք շրթներկ են հիշեցնում:

Շրթներկի պատմությունը սկսվում է հնագույն քաղաքակրթությունների ժամանակներից. Միջագետքում շրթներկ օգտագործել են շուրջ 5000 տարի առաջ։ Այն գործածում էին նաև Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում:

Հին Եգիպտոսում շրթներկը պատրաստում էին կարմիր գունանյութից, մեղրամոմից և կենդանական ճարպից։ Հին Եգիպտոսի գեղեցկուհիները նախընտրում էին մուգ գույնի շրթներկ. նրանք ձգտում էին տեսողականորեն փոքրացնել շուրթերը, ուստի օգտագործում էին մուգ գույներ: Հիշատակություններ կան, որ Կլեոպատրան միջատներից և ծաղիկներից պատրաստված փոշի էր օգտագործում, որպեսզի ալ կարմիր բալզամ ստանար: Ընդունված էր անգամ եգիպտացիներին թաղել ներկված շրթունքներով:

Եգիպտոսից շրթներկը հասել է Հին Հունաստան, իսկ հետո՝ Հռոմ։ Սակայն այս երկրներում գտնվեցին շրթներկի և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ։ Գլխավոր հակառակորդներից մեկը դարձավ հունական ծագումով հին հռոմեական բժիշկ վիրաբույժ և փիլիսոփա Գալեն Կլավդիոսը։ Նրա նպատակը կանանց՝ տարբեր վտանգավոր, անգամ թունավոր հավելումներից պաշտպանելն էր, որոնք այն ժամանակ ավելացնում էին շրթներկի բաղադրության մեջ (կարմրադեղ, ծծմբային սնդիկ)։ Սակայն կանայք շարունակում էին շրթներկ օգտագործել։

Քրիստոնեական եկեղեցին բացասաբար էր ընդունում կնոջ տեսքի հետ կապված ցանկացած փոփոխություն։ 14-րդ դարում կաթոլիկ եկեղեցին արգելեց գեղամիջոցները։ Պապական հրովարտակները հռչակում էին, որ ներկվող, շպարվող կինը աղավաղում է կույս Մարիամի կերպարը։ Այդ ժամանակ ինկվիզիցիան իրավունք ուներ ձերբակալել շրթունքները ներկող կանանց՝ համարելով նրանց սրբապիղծ։ Որոշ ժամանակ եվրոպացի կանայք ստիպված էին մոռանալ շրթներկի մասին: Անգլիական օրենքները թույլ էին տալիս տղամարդկանց նույնիսկ ամուսնալուծվել իրենց կանանցից, եթե հարսանիքից հետո պարզվեր, որ առանց գեղարարության կինը գեղեցիկ չէ:

Շրթներկի պատմությունն իր զարգացումը շարունակեց միայն 18-րդ դարի երկրորդ կեսից: Այս անգամ շրթներկ օգտագործում էին ոչ թե կանայք, այլ՝ տղամարդիկ, ինչը բավականին զարմանալի էր: Ի դեպ, շրթներկը պատրաստվում էր բացառապես բնական նյութերից:

19-րդ դարի սկզբից շրթներկը սկսեց իր հաղթարշավը։ 1800-ականների սկզբին Հոլանդիայում կայացած համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց գեղարարական նորույթը՝ եղնիկի ճարպից պատրաստված շրթներկը: Ֆրանսիացի օծանագործները ցուցադրել էին մետաքսե թղթում փաթաթած մատիտի ձև ունեցող շրթներկ։

Շրթներկի տարածմանը մեծապես նպաստել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սառա Բեռնարը։ Նա ուղղակի պաշտել է «19-րդ դարի այդ մեծ բացահայտումը» և այն կնքել «stylo d’Amore» («Սիրո փայտիկ») անունով։ Այդ գեղամիջոցը դուր եկավ ոչ միայն Սառա Բեռնարին, այլև հազարավոր այլ կանանց:

Միլիոնավոր կանանց կողմից այսօր օգտագործվող մեզ ծանոթ ձևավորմամբ ու փաթեթավորմամբ շրթներկը հայտնվել է միայն 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նման շրթներկ կարելի է գտնել ցանկացած կնոջ պայուսակում:

Կանայք նորից սկսեցին շրթներկ օգտագործել միայն 20-րդ դարի սկզբին, ընդ որում սկզբնական շրջանում գործածում էին միայն թեթևաբարո կանայք: Շրթներկի պատյանի հեղինակային իրավունքը պատկանում է Guerlain ընկերությանը։ 1915-ին Միացյալ Նահանգներում մետաղական կաղապարի մեջ առաջին շրթներկի հայտնվելը բառի բուն իմաստով «շրթներկային մեծ եռուզեռ» առաջացրեց, քանի որ շրթներկի օգտագործումը դարձավ անհամեմատ ավելի հարմար։

Առաջին շրթներկը, որ արտադրվել է վարդագույն մոմի հիմքով, եղել է ֆրանսերեն «Ne m’oubliez pas»-ը («Ինձ մի մոռացիր»)։ Այն վաճառվել է մխոցային մեխանիզմ ունեցող տուփով և շատ հարմար էր, քանի որ թույլ էր տալիս շրթներկն օգտագործել ամբողջությամբ՝ մինչև վերջ։ Տուփն ունեցել է փոխարինվող բլոկներ։

1920 թվականին Հելենա Ռուբինշտեյնը թողարկեց շրթներկի առաջին պատյանը, որը ստացավ «Valaz Lip-Listre» անվանումը։ Ռուբինշտեյնի արտադրած շրթներկը գրեթե հեղափոխական հայտնություն էր. եթե նախկինում շրթներկ կարող էին օգտագործել միայն բարձր եկամուտ ունեցող կանայք, ապա «Valaz Lip-Listre»-ը դարձավ մատչելի ժողովրդական ապրանք, որի գինը չէր գերազանցում մի քանի դոլարը։

Նախորդ դարի 30-ական թվականներին Հեել Բիշոպը՝ նույնանուն կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիրը, թողարկեց ևս մեկ հեղափոխական նորույթ՝ կայուն շրթներկ, որը չէր անցնում համբուրվելիս։

1949 թվականին ԱՄՆ-ում արտադրվել են շրթներկ պատրաստելու առաջին մեքենաները, որոնք շրթներկն արտադրում էին մետաղական կամ պլաստիկից պատյաններում։

Շրթներկի հիմնական բաղադրիչներն են մոմե հիմքը, հավելումները, ներկանյութերն ու անուշահոտությունը։ Մոմը, որ շրթներկի հումքն է, շատ հարմար է այս գեղամիջոցը ձևավորելու և այդ ձևը պահպանելու համար։ Նախկինում շրթներկի արտադրության համար օգտագործվել է բնական մեղրամոմ, բայց այն ուժեղ ալերգեն էր, ինչպես մեղրը, ակնամոմը և համանման այլ մթերքներ։ Այսօր բարձրորակ շրթներկն ավելի հաճախ պատրաստում են բուսական ծագման բնական մոմերի հիմքով։

Շրթներկի արտադրության համար հիմնական հումքը գերչակի յուղն է, քանի որ այն շատ թթվակայուն է։ Համեմատաբար փոքր քանակությամբ արտադրողներն օգտագործում են կոկոսի յուղ։ Այն օգտագործվում է նաև որպես հավելում։ Որպեսզի շրթներկի օգտագործման ժամկետը երկար լինի, նրա յուղային հիմքին անպայման ավելացնում են հակաթթվային տարրեր և կոնսերվանտներ։ Մեր օրերում շրթներկի մեջ ավելացնում են նաև թաղանթաստեղծ բաղադրամասեր (պոլիմերներ և սիլիկոնային արտադրանք, որոնք ապահովում են շրթներկի փայլն ու կայունությունը)։ Պոլիմերները շրթունքի վրա առաջացնում են նրբագույն ծածկույթ։ Այդ թաղանթ-ծածկույթը ապահովում է կայունությունը և խոնավությունը։ Բուրավետ նյութերը քողարկում են շրթներկի հումքի հոտը և նրան հաճելի բույր հաղորդում։

Որպես ներկանյութ հնում հիմնականում օգտագործում էին բնական՝ բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկեր։ Այսօր մեծածավալ արտադրության համար օգտագործում են նաև քիմիական ներկանյութեր, որոնք ավելի երկար են մնում շուրթերին և անգամ ջրակայուն են։