Նյութը՝ Իզաբելլա Գրիգորյանը
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-11-30 00:37
ԳՈՒՆԵՂ ԿՏԱՎՆԵՐՈՒՄ՝ ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Տաղանդավոր, հարուստ ու ինքնատիպ ներաշխարհով, երիտասարդ գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանը նկարել սկսել է մանկուց:

Անսահման է բնապատկերների՝ հատկապես ծաղիկների նկատմամբ սերը նկարչուհու ստեղծագործություններում: Պայծառ գույների ու նրբերանգների միաձուլում, զգացմունքների հրավառություն, բարձր տրամադրություն, ջերմություն, սեր, ժպիտ. ահա այն հույզերն ու զգացմունքները, որոնք արտահայտված են  նկարչուհու վառ ու լուսավոր կտավներում:

Լիլիթ Տոնականյանը ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009 թվականին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, հետագայում՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, հանդես եկել նաև անհատական ցուցահանդեսներով:

-Լիլիթ, Ձեր կտավները չափազանց պայծառ են ու լուսավոր, լավատեսության զգացումով լի և կրում են մեծ էներգետիկա, ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Իմ ոգեշնչման աղբյուրն ինձ շրջապատող աշխարհն է, ինձ սիրող մարդիկ, բնությունը, որից ես մեծ ուժ եմ ստանում: Ստեղծագործություններիցս յուրաքանչյուրի մեջ ես ներդնում եմ իմ ողջ էներգիան, իսկ աշխատանքներիս վառ, պայծառ գույները խորհրդանշում են սեր, միասնություն և խաղաղություն:

-Ե՞րբ է բացահայտվել նկարելու Ձեր ձիրքը։

-Դեռ մանուկ հասակից շատ եմ սիրել նկարել: Ծնողներս, տեսնելով իմ շնորհքը և մեծ սերը նկարչության հանդեպ, ինձ տանում են նկարչական դպրոց: Ինչպես ցանկացած ստեղծագործող, ես նույնպես ունեցել եմ հիասթափության պահեր, բայց իմ բնավորության երկու կարևոր հատկանիշները՝ ուժն ու համառությունն ինձ միշտ ստիպել են առաջ նայել ու շարունակել ստեղծագործել: Եվ այդպես սկսվեց իմ ուղին դեպի արվեստի հրաշք աշխարհ:

-Լիլիթ, գիտեմ, որ սիրում եք ստեղծագործել դասական երաժշտության ներքո, հաճախ առանց վրձնի՝ մատների հպումների միջոցով, ինչո՞ւ:

-Երաժշտության հնչյունների ներքո ծնված հույզերս ու զգացմունքներս եմ փոխանցում կտավին։ Երբեմն այնքան եմ խորասուզվում, որ մոռանում եմ վրձիններ օգտագործել ու նկարում եմ մատներով, որը շատ հետաքրքիր է ու հաճելի:

-Ի՞նչ դեր է խաղացել Գյումրին Ձեր ստեղծագործական կյանքում:

-Սերն իմ սիրելի քաղաքի նկատմամբ աննկարագրելի է: Ինձ միշտ գրավել են մեր քաղաքի մշակութային կոլորիտը, ամեն անկյունում լսվող ավանդական մեր նվագարանների հնչյունները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու կյանքում իր ծննդավայրն ամենաթանկն է ու ամենահարազատը:

-Լիլիթ, որտե՞ղ եք ավելի նախընտրում ստեղծագործել. բնության գրկո՞ւմ, թե՞ արվեստանոցում:

-Կտավներիս մեծ մասը ստեղծվել է իմ արվեստանոցում, բայց բոլորովին այլ զգացողություն է բնության գրկում՝ բաց երկնքի ներքո նկարելը:

-Այսօր թվային տիրույթն օգնո՞ւմ է արվեստագետին:

-Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են ընձեռում նաև նկարիչներին: Համացանցի միջոցով շատ արագ տեղեկանում ես կազմակերպվող ցուցահանդեսների, մշակութային այլ միջոցառումների մասին: Վերջերս Սուրբ  Աստվածածին եկեղեցու բակում իմ երեք աշխատանքներով մասնակցեցի խմբակային ցուցահանդեսի, որը կրում էր «Աստծո լույսը՝ արվեստում» խորագիրը:

-Լիլիթ, ունե՞ք ինչ-որ կարգախոս, նշանաբան, որն ուղեկցում է Ձեզ արվեստում:

-Իմ յուրաքանչյուր երազանքի իրականացման լավագույն գրավականն աշխատանքն է ու մեծ հավատը, իսկ կարգախոս, իհարկե, ունեմ՝ արարել և ստեղծագործել: