Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-14 08:30
ԳԻՏԵ՞Ք ՈՐ… ԱՄԱՆՈՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Բուլղարիայում Նոր տարին ավանդաբար դիմավորում են տանը։ Ամանորի գիշերը ընտանիքի ամենաերիտասարդ անդամը կանգնում է տոնածառի մոտ և կատարում ծիսական երգեր՝ կոլյադաներ։

Ի նշան երախտագիտության՝ քեռիներն ու մորաքույրները նրան ընծա են տալիս։ Իսկ երբ խփում է 12-ը, տներում վայրկենապես մարում են լույսը՝ Նոր տարվա համբույրների համար։ Այնուհետև տանտիրուհին կտրում է ամանորյա կարկանդակն ու բաժանում։ Կարկանդակի մեջ մետաղադրամ հայտնաբերողին հարստություն է սպասվում, վարդի ոստիկ գտնողին՝ սեր։

Ձյունապատ Ֆինլանդիայում ամենագլխավոր տոնը համարվում է Սուրբ Ծնունդը, որը նշվում է դեկտեմբերի 25-ին: Սուրբ Ծննդյան գիշերը, Լապլանդիայից երկար ճանապարհ հաղթահարելով, մարդկանց տներն է այցելում Ձմեռ պապը՝ երեխաներին բերելով զամբյուղով նվերներ: Ֆինների համար Սուրբ Ծնունդից հետո մյուս ուրախալի տոնը Ամանորն է, որի ժամանակ ամբողջ ընտանիքը հավաքվում է բազմաթիվ խորտիկներով լի սեղանի շուրջ: Նոր տարվա գիշերը ֆինները փորձում են պարզել իրենց ապագան և գուշակություն են անում մոմը հալելով և սառը ջրի մեջ լցնելով:

Նախատոնական Վիեննան առանձնահատուկ հմայք ունի: Հրապարակներում կազմակերպվում են վիթխարի սուրբծննդյան տոնավաճառներ, իսկ ամենամեծը Վիեննայի կենտրոնում է՝ քաղաքապետարանի հրապարակում: Այնտեղ կարելի է ամեն ինչ գնել՝ ձեռագործ հագուստից և հայտնի դիզայներների պատրաստած զարդերից սկսած մինչև ծղոտե աստղերն ու տոնածառի խաղալիքները: Ավստրիայում Նոր տարվա օրերին իրար նվիրում են ապակյա կամ հախճապակյա խոզուկդրամարկղեր։

Շվեդիայում երեխաները Ամանորի երեկոյին ընտրում են Լույսի թագուհուն՝ Լուչիային: Նրան հագցնում են սպիտակ շրջազգեստ, իսկ գլխին դնում են վառվող մոմերով թագ: Լուչիան նվերներ է բերում երեխաներին և ուտելիք՝ ընտանի կենդանիներին. կատվին՝ սերուցք, շանը՝ շաքարի կտոր, ավանակին՝ գազար: Տոնական գիշերը տներում լույսը չեն մարում, իսկ փողոցները վառ լուսավորված են:

Նեպալում Նոր տարին դիմավորում են արևածագին: Գիշերը՝ լիալուսնի ժամանակ, նեպալցիները վառում են վիթխարի խարույկներ և այրում անպետք իրերը: Հաջորդ օրն սկսում է Ներկերի տոնը, որից հետո ամբողջ երկիրը վերածվում է մի մեծ ծիածանի: Նեպալցիները անսովոր նախշերով են ծածկում իրենց դեմքը, ձեռքերն ու կուրծքը և երգում ու պարում են փողոցներում:

Հնդկաստանի հյուսիսում մարդիկ պաճուճավորվում են սպիտակ, կարմիր, վարդագույն և մանուշակագույն ծաղիկներով։ Իսկ Հնդկաստանի հարավում նվերներով, քաղցրավենիքով և ծաղիկներով «բեռնավորված» սկուտեղը Նոր տարվա առավոտյան մատուցում են աչքերը փակած փոքրիկներին։

Չինաստանում երեխաները Նոր տարվա շեմին պատից կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը (չինական Ձմեռ պապը) պետք է դնի իր ամանորյա ընծաները։

Վիետնամում Նոր տարին անվանում են նաև Գարնան տոն՝ Տետ: Յուրաքանչյուր վիետնամցու տանն Ամանորին անպայման պետք է լինի դեղձենու ծաղկած ճյուղ՝ որպես Ամանորի խորհրդանիշ, իսկ վիետնամցի երեխաներն անհամբերությամբ սպասում են կեսգիշերին, որպեսզի սկսեն փոքրիկ ինքնաշեն պայթուցիկներով «գնդակոծումը»:

Ճապոնիայում, ավանդույթի համաձայն, մարդիկ միմյանց նվիրում են տարվա կենդանու պատկերով բացիկներ, ինչպես նաև խաղալիքներ և հուշանվերներ։ Ճապոնական Ամանորի ամենագեղեցիկ զարդերից մեկը համարվում է կադոմացուն՝ «տան շեմի սոճին»։ Կադոմացուն իրենից ներկայացնում է Ամանորի աստվածությանը նվիրված գեղեցիկ մի հյուսվածք՝ սոճուց,  բամբուկից ու բրնձի ցողունից։ 

Կոլումբիայում ամանորյա կառնավալային գիշերվա հերոսը Հին տարին է, որը մարմնավորող դերասանը քայլում է ոտնացուպերով և երեխաներին զվարճալի բաներ է պատմում: Կոլումբիական Ձմեռ պապը կոչվում է Հայր Պասկուալե: Նրանից լավ ոչ ոք չի կարող տոնական հրավառություն կազմակերպել:     

Իտալիայում Նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Փոքրիկ իտալացիները անհամբերությամբ սպասում են  Բեֆանա բարի փերուն և նվեր ակնկալում նրանից: Վերջինս ժամանում է կախարդական թռչող ավելով, ոսկե փոքրիկ բանալիով բացում է դուռը և մտնում մանկասենյակ, որտեղ երեխաները քնած են ու նվերներ լցում բուխարու վրա կախված գուլպաների մեջ: Ով վատ է սովորել կամ անկարգ է եղել, Բեֆանա փերին նրա գուլպայի մեջ մոխիր կամ ածխի կտոր է լցնում: Իտալիայում Ձմեռ պապը կոչվում է Բաբբո Նատալե: Ամանորը նշում են անցնող տարվա ավարտին պատուհանից դուրս նետելով հին ու անպետք իրերը, այնպես որ տարեմուտի գիշերը մարդիկ փողոցներով զգույշ են անցնում, որ գլխներին ծղոտե աթոռ կամ ծանր արդուկ չընկնի: Համարվում է, որ ազատված իրերի տեղը կգրավեն նոր իրեր: Իտալացիները միշտ հոգ են տանում, որ Նոր տարին դիմավորեն ոչ միայն նորացված ինտերյերով, այլև նոր հագուստով։ Իսկ դեկտեմբերի 31-ին տղամարդիկ ու կանայք իրար կարմիր ներքնազգեստ են նվիրում։ Կարմիրը նորույթ է խորհրդանշում։ Իտալիայում Ամանորի սեղանին անպակաս են ընկույզը՝ որպես երկարակեցության, ոսպը՝ որպես առողջության և խաղողը՝ որպես բարեկեցության խորհրդանիշեր: Իտալիայի գավառներում ավանդույթ գոյություն ունի, որի համաձայն պետք է հունվարի 1ին նոր ջուր բերել աղբյուրից: «Եթե ընկերներիդ նվիրելու բան չունես, աղբյուրի թարմ ջուր նվիրիր՝ ձիթենու ճյուղով», ասում են տարեց իտալացիները: Ըստ ավանդույթի, աղբյուրի ջուրը երջանկություն է բերում ընտանիքին: Իտալիայում նույնպես շատ են կարևորում, թե առաջինը ում են հանդիպում Նոր տարվա առաջին օրը: Եթե հունվարի 1-ին իտալացին հանդիպում է վանականի կամ քահանայի, դա լավ նշան չի համարվում: Ցանկալի չէ հանդիպել նաև երեխայի: Ընդհակառակը, լավ նշան է համակրելի պապիկի հանդիպելը, իսկ եթե պապիկը կորացած է, դա արդեն  երջանկության նշան է:

Մեծ Բրիտանիայում նվերներ են պատվիրում Father Cristmasին կամ Սանտա Կլաուսին։ Անգլիացիներն իրենց ցանկությունների մասին մանրամասն նամակ են գրում, այնուհետև նամակը նետում են բուխարու մեջ։ Խողովակից դուրս եկած ծուխը ցանկությունների ցուցակն անմիջապես հասցնում է հասցեատիրոջը։ Անգլիացիներն իրար համարժեք նվերներ են մատուցում։ Ընտանիքում նվերի մատուցման արարողությունը կատարվում է ըստ հին ավանդույթի, այսինքն՝ վիճակահանությամբ։ Պարտադիր պահպանվում է բոլոր ազգականներին սուրբծննդյանն պատկերներով բացիկ ուղարկելու սովորույթը։ Առաջին ամանորյա բացիկը Լոնդոնում տպագրվել է 1849-ին: Անգլիայում Նոր տարվա գալն ազդարարում են զանգերը: Ճիշտ է, դրանք սկսում են ղողանջել կեսգիշերից մի քիչ շուտ ու այն էլ՝ շշուկով, քանի որ փաթաթված են ծածկոցով, և ձայնի հզորությունը չի զգացվում: Բայց ուղիղ տասներկուսին ծածկոցը հանում են, բարձրաձայն ղողանջում է Նոր տարվա հիմնը: Այդ պահին սիրահարները, որոնք ուզում են գալիք տարում միասին լինել և չբաժանվել, պետք է համբուրվեն ճոգոմի ճյուղի տակ, քանի որ ճոգոմը համարվում է մոգական ծառ:

Տոնական սեղանին անգլիացիները մատուցում են շագանակով ու տապակած կարտոֆիլով հնդկահավ, ինչպես նաև շոգեխաշած բրյուսելյան կաղամբ և մսակարկանդակ, այնուհետև՝ պուդինգ, անուշեղեն և միրգ:

Ամանորի տոնական օրերին երեխաների համար թատրոններում անգլիական հեքիաթների մոտիվներով ներկայացումներ են խաղում: Լորդ Անկարգը գլխավորում է ուրախ կառնավալային երթը, որին մասնակցում են հեքիաթների հերոսները՝ Հոբի Հորսը, Մարտյան Ճագարը, փոքրիկ դալմատին Պանչը և այլոք: Ամանորի ողջ գիշերը փողոցներում վաճառում են խաղալիքներ, սուլիչներ, դիմակներ, փուչիկներ և այլն:

Ֆրանսիացիները Ձմեռ պապին անվանում են Պեր Նոել: Ամանորի գիշերը Պեր Նոելը այցելում է տները և նվերներ թողնում երեխաների մաշիկներում: Այն երեխան, որը որպես նվեր ստանում է ամանորյա կարկանդակ, որի մեջ լոբի կա, արժանանում է «Լոբու արքա» տիտղոսին: Ամանորյա գիշերը բոլորը ենթարկվում են նրա հրամաններին: Ֆրանսիացիները տոնածառի տակ դնում են փայտե կամ կավե արձանիկներ: Թեև ֆրանսիացիները համարվում են սիրառատ ազգ, Ամանորի գիշերը նրանք նախընտրում են ոչ թե համբուրվել, այլ կուշտ ուտելխմել: Ավանդույթի համաձայն, լավ գինեգործ տանտերը պետք է անպայման խմի գինու տակառի կենացը, բաժակը խփի տակառին՝ շնորհավորելով Նոր տարին և մաղթելով առատ բերք: 

Իռլանդական Սուրբ Ծնունդը նախ և առաջ կրոնական տոն է, քան զվարճալի: Ճրագալույցի գիշերը վառած մոմեր են դնում լուսամուտագոգին, որպեսզի օգնեն Հովսեփին ու Մարիամին, եթե նրանք ապաստան են փնտրում: Իռլանդուհիները հատուկ թխվածք են պատրաստում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Դրանից բացի թխում են երեք պուդինգ. մեկը՝ Սուրբ Ծնունդի, մյուսը՝ Ամանորի, երրորդը՝ Մկրտության տոնի առթիվ:

Գերմանիայում Ձմեռ պապը հայտնվում է էշին նստած: Քնից առաջ երեխաները սեղանին ափսե են թողնում, որ Ձմեռ պապը նվերներ դնի մեջը, իսկ մաշիկների մեջ ծղոտ են լցնում՝ իշուկին հյուրասիրելու համար: Ամանորն ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջ, որտեղ տեղի է ունենում նվերների փոխանակման Բեշերունգ կոչվող արարողությունը։ Գերմանացիների ամանորյա սեղանի զարդը Lebekuchen (քաղցրաբլիթե գորգ) կոչվող ուտեստն է։ 16-րդ դարում ալյուրից, շաքարից և չամիչից բաղկացած այս թխվածքի մեծությունը իսկական նստարանի չափերի էր հասնում։ Այժմ էլ այն չափազանց մեծ է, և հյուր գնացողը շալակում է այդ սկիզբ ու վերջ չունեցող ընծան ու հերթով այցելում բոլոր ազգականներին։

Դանիայում փոքրիկներին փայտե կամ թավշե տոնածառ են նվիրում։ Դանիացիները հավատում են, որ գիշերային չարաճճին ծառի ոգու մարմնավորումն է։ Կեսգիշերին տանտիրուհին մեծ ամանով մատուցում է քաղցր բրնձաշիլա, որի տակ ընկույզ կամ նուշ է թաքցված։ Այս սովորույթը նախատեսված է հատկապես չամուսնացած աղջիկների համար. ում բաժին հասնի թաքցվածը, նա կամուսնանա այդ տարի։ Իսկ մյուսներին պարզապես երջանիկ տարի է սպասվում։

Պորտուգալիայում նույնպես նման ավանդույթ կա։ Ծննդյան տոների նախօրեին պորտուգալացիները «արքայական կարկանդակ» են մատուցում։ Բացի շաքարած մրգից ու չամչից դրա մեջ դնում են նաև որևէ զարդ  կամ ֆիգուր։ Այն հայտնաբերողն, իհարկե, պարտավոր չէ ծամել գտածը։ Դա պարզապես խորհրդանշում է տան խաղաղությունը: