Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-12-20 16:51
ՆՈՐԱՁԵՎ ՄԱՏՆԱՀԱՐԴԱՐՈՒՄ
Մոտենում է Նոր տարին՝ միշտ շատ սպասված Ամանորը։ Կախարդական այդ գիշերն ամեն կին ցանկանում է, որ իր տեսքն անթերի լինի՝ հագուստը, սանրվածքը, դիմահարդարումը։

Պակաս կարևոր չէ նաև մատնահարդարումը, որը նույնպես ենթարկվում է նորաձևության կանոններին և տարեցտարի փոփոխվում է։ Տեսնենք, թե ինչ են առաջարկում մատնահարդար վարպետներն այս տարի։ Ցանկացողները կարող են երկարացնել եղունգները ակրիլային կամ գելային նյութերով։

Կարելի է նաև օգտվել մեկ անգամ կպցվող երկար «եղունգներից», բայց նկատի ունեցեք, որ գալիք՝ 2021 թվականի մատնահարդարման ամենաբնորոշ ուղղությունը բնականությունն է։ Դա հատկապես վերաբերում է եղունգների ձևին։ Անցյալում են մնացել շատ երկար և սրածայր եղունգները։ Ավելի կոկիկ, կլորավուն ձև ունեցող եղունգներն այսօր շատ ավելի նորաձև են։ Ցանկալի է, որ եղունգի երկարությունը չգերազանցի 5 միլիմետրը։

Երկրորդ կարևոր պահը գույնն է։ Եկող տարի արդիական են արծաթագույնը, մարմնագույնը, բեժը, նարնջագույնն ու դեղինը։ Շատ գեղեցիկ կլինի նաև մուգ գինեգույնը, որը չափազանց նորաձև էր 2020 թվականին։ Եղունգների գույնը պետք է ներդաշնակի ընդհանուր հագուկապի հետ։ Ցանկալի է նորաձևության հետևորդներն ընտրեն կապույտ, մոխրագույն, արծաթագույն (նաև դրանց երանգների) հագուստ։ Շատ թրենդային են մետաղական փայլով լաքերը, որոնց համար հրաշալի լրացում կարող են լինել արծաթափայլ և ոսկեփայլ մոտիվները։

Եղունգները միագույն լաքով պատելը բավարար չէ։ Պահի հանդիսավորությունը պահանջում է հատուկ մոտեցում, ուստի կարող եք գործի դնել վառ երևակայությունը։ Կարող եք օգտագործել փայլեր, սթրազներ, հոլոգրաֆիկ տիպեր, բայց երբեք չափը չանցնեք։

Լավ տարբերակ է թեմատիկ մատնահարդարումը՝ ձնեմարդ, եղյամ, տոնածառ և տոնածառի խաղալիքներ, փաթիլներ, նորվեգական զարդանախշեր և այլն։ Չմոռանաք լաքապատելուց հետո քսել արագ չորացող անգույն լաք։

Դասական մատնահարդարման երկրպագուները, անդավաճան մնալով իրենց ոճին, կարող են իրենց համար ավանդական դարձած մարմնագույնի  կամ մեղմ մեկ այլ գույնի փոխարեն անել ֆրանսիական մատնահարդարում՝ որպես հիմնական գույն ընտրելով երկնագույն երանգ ունեցող լաք։ Այդ գեղեցիկ մատնահարդարումը ամբողջական կլինի, եթե  մատներից մեկի վրա Նոր տարվա թեմայով որևէ նախշ արվի։ Ավելի խիզախները կարող են կատարել կտրուկ և տոնին համապատասխան գույների ընտրություն։

Նորաձև և հետաքրքիր նորություն է լուսնային մատնահարդարումը, որը ֆրանսիական լաքապատման հակառակն է. եթե ֆրանսիական լաքապատումը ենթադրում է սպիտակ կամ նախընտրած գույնի լաքով պատել եղունգի ծայրը, ապա լուսնայինի ժամանակ եղունգի հիմքը լուսնաձև ծածկվում է մի գույնի, իսկ եղունգի մնացած մասը՝ մեկ այլ գույնի լաքով։