Նյութը՝ Վլադ Մուրադյանի
Լուսանկարները՝ Զրուցակցի անձնական արխիվից
Տեղադրվել է 2020-12-22 17:11
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 11-ին Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգով իր աշխատանքը վերսկսեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Հասկանալի պատճառներով համերգին ներկա էր սահմանափակ թվով հանդիսատես։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆիլհարմոնիկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալաքյանը։

-Որքան գիտեմ՝ Ֆիլհարմոնիկ նվագախումբը հուզիչ հայտարարություն էր տարածել համերգային գործունեությունը վերսկսելու առիթով։

-Այո, այդ գրառման մեջ ծանր իրադարձություններից հետո համերգասրահ վերադառնալը համեմատել էինք երկար բացակայությունից հետո տուն վերադառնալու հետ։ Հուզմունքն, անշուշտ, մեծ էր։ Այս ընթացքում մենք, ինչպես գիտեք, աշխատել էինք առցանց կամերային խմբերով և նվագախմբի ամբողջական կազմով ընդամենը երկու բացօթյա համերգ էինք ունեցել։ Խոսքը համաճարակային սահմանափակումների վերացումից հետո բարեգործական համերգի մասին է, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին։ Ներկայացրինք Ջուզեպպե Վերդիի ամենասիրված ու հայտնի օպերայի՝ ‹‹Տրավիատայի›› համերգային կատարումը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղերի՝ Լիանա Ալեքսանյանի ու Լիպարիտ Ավետիսյանի կատարմամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ։ Համերգի ողջ հասույթը կրկնապատկվել էր ՀԲԸՄ-ի կողմից և տրամադրվել էր Լիբանանի հայ համայնքին՝ սոսկալի պայթյունի հետևանքով տուժած հայկական մշակութային կենտրոնների վերականգնման նպատակով։ Երկրորդ բացօթյա համերգը կայացավ «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի

7-ին Տավուշի Բերդ քաղաքում, նույնպես «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ համագործակցությամբ:

-Ի՞նչ ստեղծագործություններ էին ընդգրկված դեկտեմբերի 11-ի համերգի ծրագրում։

-Նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան, որի սկզբում հնչում է զանգերի ղողանջը՝ իբրև ահազանգ, վտանգի պահին համախմբվելու կոչ։ Հնչեց նաև Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը: Մենակատարը շեփորահար Կիրիլ Սոլդատովն էր Ռուսաստանի Դաշնությունից, որը մինչ այս էլ քանիցս եղել էր Հայաստանում։ Թեև այդ գործը կատարել էր տարբեր երկրներում, սակայն կոմպոզիտորի հայրենիքում հայ ունկնդրի առաջ ելույթ ունենալը նրա համար մեծ պատասխանատվություն էր։

Կորոնավիրուսի համաճարակը լռեցրեց աշխարհի բոլոր նվագախմբերին, ինչը, անշուշտ, ցավալի փաստ է։ Մեր պարագայում դրան գումարվեց նաև պատերազմը։ Թվում էր, թե այս մղձավանջը չի ավարտվելու։ Բայց երաժիշտներն իրենց մեջ ուժ գտան և բեմ բարձրացան։

-Գիտեմ, որ օրերս ևս երկու համերգ է տեղի ունեցել «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» համերգային փառատոնի շրջանակում։

-Այո, դեկտեմբերի 16-ին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները։ Իսկ հաջորդ օրը ունկնդիրը հնարավորություն ունեցավ լսելու Բեթհովենի թիվ 1 և թիվ 4 սիմֆոնիաները։ Համերգները նվիրված էին աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակին։